«Կարեւորն էլ այն է, որ չծախվենք դրսի ուժերին եւ չլինենք ուրիշի կամակատարը». Գիմիշյանը` Փաշինյանի ստեղծվելիք կուսակցության մասին
ИнтервьюՄայիսի 30-ին տեղի կունենա Քաղաքացիական պայմանագիր հանրային-քաղաքական միավորման համագումարը, որի ժամանակ էլ տվյալ կառույցը կհռչակվի կուսակցություն: Հիշեցնենք, որ նոր քաղաքական ուժը ստեղծվել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից, ով վերջին ժամանակներս, թեպետ լինելով տվյալ խմբակցության ներկայացուցիչ, փորձում էր հնարավորինս անկախ երեւալ իր քաղաքական հայացքներով եւ վարքագծով:
Քաղաքական նոր ուժի ստեղծման եւ ներքաղաքական դաշտում հնարավոր փոփոխությունների մասին Orer.am-ը զրուցեց «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ. «Նոր ստեղծվող ցանկացած քաղաքական կառույցի ես լավ եմ վերաբերվում` լինի դա իշխանական, հակաիշխանական, ընդդիմադիր կամ կենտրոնամետ: Մարդիկ պետք է հասկանան առկա խնդիրները, որոնք ծառացած են ժողովրդի առջև: Նրանք պետք է բարձրաձայնեն այդ մասին եւ գտնեն բոլոր հնարավոր տարբերակները` հարցը լուծելու համար: Եթե քաղաքական ուժը իմ նշած քայլերով առաջանա, ապա, միանշանակ, հաջողություն եմ մաղթում նրան: Եթե կուսակցության գործն ուղղված է երկրի ու ժողովրդի բարօրությանը, ապա դա պետք է գնահատել»:
Ողջունելով ժողովրդասեր եւ ի շահ պետության գործող քաղաքական ուժերին` Սոս Գիմիշյանը նկատեց, որ Հայաստանում, ցավոք սրտի, գործում են ոչ հայաստանյան քաղաքական ուժեր, որոնց կատարած ցանկացած քայլ արժանի է միայն քննադատության. «Ես չեմ ընդունում այն ուժերին եւ նրանց քայլերը, որոնք հայաստանամետ չեն: Դրանք այն ուժերն են, որոնք իրենք իրենց համարում են արեւելամետ, արեւմտամետ եւ այլն: Եթե հավաքվում են հայ մարդիկ եւ փորձում են համագործակցել, ապա դա լավ է, սակայն խիստ քննադատելի է այլ երկրից ֆինանսավորում ստացող որոշ ուժերի հակահայաստանյան քայլերը: Կարեւորն էլ այն է, որ չծախվենք դրսի ուժերին եւ չլինենք ուրիշի կամակատարը: Մենք կարող ենք համագործակցել այլ պետությունների հետ, սակայն ուրիշի շահերի սպասարկող չպետք է դառնանք: Իսկ թե ինչ քաղաքական ուժ կդառնա Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծվող կուսակցությունը` դժվարանում եմ ասել. ենթադրություններից պարզապես զերծ կմնամ»:
Սոսե Չանդոյան