Ամեն տարի թանկացնելով՝ համակարգը չի փրկվի. Բ. Պիպոյանը՝ հոսանքի գների բարձրացման մասին
ИнтервьюՀԷՑ-ը հայտ է ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 16 դրամով թանկացնելու համար: Այս մասին Orer.am-ը զրուցեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, ով մեկնաբանեց այն հարցը, թե որքանո՞վ են խելամիտ թանկացման հաշվարկները:
Մեր զրուցակիցը մասնավորապես նշեց. «Նախքան ողջամտության մասին խոսելը՝ պարզենք, թե որքանո՞վ է սա ադեկվատ այսօրվա հասարակական վիճակի պայմաններում: Անգամ եթե սա խելամիտ է, ապա արդյո՞ք այսօր հասարակությունը պատրաստ է այդ թանկացումներին: Ես կարող եմ միանշանակ պնդել, որ ժողովուրդն այսօր պատրաստ չէ: Սա բերելու է մեր երկրում ոչ միայն աղքատության տոկոսի ավելացման, այլև բոլորին պարզ է, որ այսպիսի կտրուկ քայլերը հանգեցնում են սպառման ծավալների էական կրճատման: Ըստ էության՝ համակարգը չի կարող այսպես զարգանալ: Նախորդ տարի, երբ գնաճ էին գրանցում, ասում էին, որ այս ձևով համակարգը կկարողանա բացերը փակել: Հիմա գանք նրան՝ խելամի՞տ է այս քայլը, թե՞ ոչ: Գնահատական տալու համար պետք է պատասխանել այն հարցին, թե ի՞նչն է ընկած այս ամենի հիմքում: Պատճառաբանություն կա, որ ՀԷԿ-երից թանկ են գնում էլեկտրաէներգիա, բայց հարց՝ այդ ՀԷԿ-երը ինչո՞ւ են թանկ վաճառում: Օբյեկտիվ գնահատական տալ չի ստացվում: Զուգահեռներ ենք անցկացնում տրանսպորտի գների թանկացման հետ. այն ժամանակ ներկայացվեցին եկամուտները և մեքենայի ծախսերի տարբերությունը, իսկ մենք ասացինք, որ թվերն այդքան էլ ստույգ չեն: Մուտք-ծախս բալանսով մենք ստացանք իրական ինքնարժեք: Այս պարագայում մենք այդ բացվածքի վերլուծության հնարավորությունը չունենք, որովհետև բացվածք տրված չէ: Անգամ եթե տրվեր բացվածք, անգամ եթե այն լիներ հիմնավոր, միևնույնն է՝ խելամիտ չէր լինի 16 դրամով թանկացնելը, որը լուրջ ազդեցություն է ունենալու: Պետք է հասկանալ՝ ինչ հետևանք է ունենալու այս ամենը ժողովրդի համար, հետո մնացածը: Ենթադրենք՝ ինչ-որ ռեֆորմ կա սրա մեջ, բայց այդպես դա չի արվում: Մենք ունենալու ենք սպառման ծավալների անկում, իսկ սպառման ծավալների անկումը բերում է նաև մուտքերի անկման: Սրանից տնտեսվարողի ֆինասական հոսքերը չեն շատանա: Ու հետո մի տարի հետո էլ են ասելու կոլապսի մեջ ենք: Համակարգը փլվում է, բայց դրա փրկության համար պետք է ձև գտնել: Ամեն տարի թանկացնելով՝ համակարգը չի փրկվի: Ուրեմն՝ փրկողներին է պետք փոխել: Համակարգն աշխատեցնողներն են վատը, մենեջմենթն է վատը: Թող ձևավորեն հանրային կառավարման խորհուրդ, տեսնենք իրավիճակն այսպես կմնա՞: Ընդ որում, դեռ անցյալ տարվանից էր պետք ձևավորել, երբ 11 տոկոս թանկացում եղավ»:
Զրույցը՝ Լևոն Փանոսյանի