Լոռու մարզպետը՝ իր պաշտոնանկության եւ վարչապետի հետ լարված հարաբերությունների մասին
ПолитикаԱյսօր Orer.am խմբագրությունը տեղեկություն ստացավ այն մասին, որ ՀՀ Լոռու մարզում պտտվում են թեժ լուրեր` ըստ որոնց տվյալ մարզի պետ Արթուր Նալբանդյանն այլեւս ազատված է աշխատանքից: Նշենք, որ ըստ տրամադրված տեղեկատվության` Ա. Նալբանդյանը, չհարմարվելով ստեղծված անհասկանալի որոշման հետ, գտնվում է ծանր հոգեբանական վիճակում եւ հրաժարվում է կապ հաստատել անգամ մտերմիկ շրջապատի հետ:
Տեղեկությունը ճշտելու համար Orer.am-ը կապ հաստատեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ.
-Պարոն Նալբանդյան, ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ Ձեզ պաշտոնանկ են արել:
-Ես կարծում եմ` այս տոնական օրով այդ մասին չարժե խոսել, քանի որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ասեմ, որ այսօր մենք Վանաձորում շքեղ միջոցառում ենք անցկացրել՝ մայիսյան հաղթանակներին նվիրված: Տոնակատարությունը հենց նոր է ավարտվել:
-Այսինքն դրանք պարզապես հերթական հերյուրանքներն են, որոնք հնչում են Ձեր հասցեին:
-Իմ հասցեին նման բաներ չեն հնչում, եւ եթե ես լսում եմ նման բան, ապա միայն լրատվամիջոցներից:
-Իսկ ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ վերջին շրջանում Հովիկ Աբրահամյանի հետ Ձեր հարաբերությունները խիստ լարվել են:
-Ես չգիտեմ ձեր ինֆորմացիան որտեղից է, բայց կասեմ, որ ոչ միայն իմ, այլև բոլոր մարզպետների հետ ՀՀ վարչապետի հարաբերությունները շատ նորմալ են եւ աշխատանքային:
«Խնդրում եմ, սուտ տեղեկություններ մի տարածեք». ասեց ու կախեց հեռախոսը…
Ի գիտություն Նալբանդյանի՝ նշենք, որ բոլոր մարզպետների անունից խոսելը, թերեւս, անշնորհակալ գործ է, քանի որ ՀՀ վարչապետի պարտադրողական եւ ստիպողական գործելաոճի արդյունքի հետեւանքով է, որ որոշ մարզպետներ պարզապես «յախա են թափ տալիս» եւ խաչակնքվում նրա անունը լսելիս՝ ասելով, թե «Աստված էլ բեթարեն ազատե»:
Իսկ ինչ վերաբերում է այսպես կոչված սուտ տեղեկություններին, ապա տեղին է հիշել ժողովրդական մեկ ասացվածք՝ առանց կրակ ծուխ չի լինում: Դե վարչապետն էլ գիտեք սիրում է «բզբզել» …
Սոսե Չանդոյան