Որտե՞ղ է ՀՀ կառավարությունը փորձում «քցել» հայ գործարարներին
ПолитикаՀՀ կառավարության կողմից ԱԺ ներկայացված «Եկամտային հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը մինչ օրս հանգիստ չի տալիս քաղաքական տարբեր թեւերում գտնվող գործիչներին, առավել եւս` մանր եւ միջին բիզնեսով զբաղվող գործարարներին :
Հիշեցնենք, որ «խոպանչիների օրենք» անվանումը ստացած օրենսդրական այս փոփոխությունները ենթադրում են, որ արտերկրում աշխատողներն այսուհետ պետք է գրանցվեն Հայաստանում, պետբյուջե վճարեն եկամտահարկ՝ 13 տոկոսի չափով եւ շահութահարկ` 5 տոկոսի չափով:
Նշենք, որ ռուս տնտեսագետները եւ փորձագետները փաստում են, որ այն բացահայտ կերպով խախտում է ՌԴ օրենսդրությունը: Նրանք գտնում են, որ օրենքում կատարված փոփոխությունը բացասաբար կանդրադառնա ինչպես ռուսաստանյան գործատուների, այնպես էլ Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիների վրա:
Նրանց համոզմամբ՝ օրենքի պատճառով մարդիկ ավելի քիչ եկամուտ կունենան, իսկ գործատուն կհրաժարվի ավելի բարձր աշխատավարձ վճարել` հարկվող գումարի վնասը փոխհատուցելու համար: Գործատուները փաստում են, որ նման պարագայում ՀՀ քաղաքացիները կնախընտրեն ստանալ ՌԴ քաղաքացիություն:
Հասկանալու համար, թե տվյալ օրենսդրական փոփոխության պատճառով որտե՞ղ են ոտնահարվում հայ գործատուների իրավունքները, Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ, ով իր խոսքում մասնավորապես ասաց.
«Ըստ ներկայացված փոփոխության` տվյալ կազմակերպությունները պետք է գրանցվեն Հայաստանում, եւ այդ աշխատողների աշխատավարձերից հարկային գանձումները պետք է մուտք արվեն Հայաստանի տարածքում գործող բանկային հաշիվներին, որտեղից էլ կկատարվեն համապատասխան պահումները:
Եթե մարդիկ այլ երկրներում` կլինի դա Ռուսաստանը, Տաջիկստանը եւ այլն, աշխատանքային պայմանագրեր ունեն, ապա հենց այնտեղ էլ պետք է իրենց հարկերը մուծեն: Այստեղ, սակայն, խնդիրը հետեւյալն է, որ մենք Հայաստանի տարածքում գրանցում ենք ինչ որ կազմակերպություններ, եւ հենց այդ կազմակերպությունների աշխատակիցները պետք է մեկնեն արտագնա աշխատանքի, ոչ թե անհատները: Եթե անհատներն են մեկնում, ապա նրանք այնտեղ մտնում են համապատասխան աշխատանքային հարաբերությունների մեջ եւ այնտեղ էլ վճարում են: Այստեղ կարծես թե հավաքագրող կազմակերպություն է ստեղծվում, որը հավաքագրում եւ արդեն որպես իր աշխատակից` գործուղում է աշխատանքի»:
Սոսե Չանդոյան