Ֆեյսբուքն այսուհետ կարելի է նաև ընթերցել
ИнтервьюՎիրտուալ կյանքից դեպի իրականություն` ընդամենը մեկ քայլ: Երեկ ակումբներից մեկում տեղի ունեցավ Facebook-յան ակտիվ օգտատեր Վլադիմիր Հովհաննիսյանի «Երեքը ֆեյսբուքում` չհաշված ֆեյքերը» գրքի շնորհանդեսը: Նկատենք, որ մթնոլորտը ջերմ էր, մի փոքր «ֆեյքոտ», բայց, այնուամենայնիվ, յուրօրինակ եւ հետաքրքիր: Մի խոսքով` ամեն ինչ Facebook-յան կոլորիտի մեջ էր:
Հավաքվելով մեկ հարկի տակ` տարբեր օգտատերեր մեծ հետաքրքրությամբ փորձում էին բացահայտել մեկը մյուսին` զրույցի ընթացքում ակտիվորեն թերթելով եւ ուսումնասիրելով գիրքը` հասկանալու համար, թե ում կամ ինչի մասին է այն: Մինչ վերջիններս տարբեր փնտրտուքների մեջ էին, Orer.am-ի հետ զրույցի ժամանակ գրքի հեղինակը նշեց.
«Իմ գիրքը պատմությունների, ստատուսների հավաքածու չէ: Այն նաեւ փորձագիտական վերլուծություն կամ մեթոդաբանական ձեռնարկ չէ: Սա ֆեյսբուքն է, որը դուրս է եկել համակարգչի էկրաններից և ստացել է տպագիր տարբերակ»:
Գրքի ստեղծման գաղափարի մասին իր կարծքը հայտնեց նաեւ Facebook-ում քաղաքական ամենակրեատիվ, քաղցր ու կծու ստատուսների հեղինակ, քաղաքագետ, orer.am և videolur.am կայքերի հիմնադիր տնօրեն Վարուժան Բաբաջանյանը.
«Հայաստանում Facebook-ն այնքան է զարգացել ու տարածում ստացել, որ տվյալ սոցկայքին առնչվող ցանկացած պրոդուկտ անպայման հասարակական հետաքրքրություն է առաջացնում, հատկապես եթե հաշվի առնենք, որ այն միավորում է հասարակության ակտիվ դաշտը: Գրքին ծանոթ չեմ, սակայն, լավ իմանալով Վլադ Հովհաննիսյանի ոճը, կարծում եմ, որ ինքը ճիշտ է ընկալել Facebook-ը եւ ճիշտ էլ այն ներկայացրել է: Սիրով կընթերցեմ եւ իմ կարծիքը կհայտնեմ` հրապարակման տեսքով»:
Դե իսկ կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ, ոչ պակաս ակտիվ կամ միգուցե չափից դուրս ակտիվ օգտատեր Զոհրապ Յեգանյանն էլ, ով հասցրել էր ընթերցել իր լավագույն ընկերոջ գիրքը, փոքր-ինչ քննադատաբար մոտանելով հարցին` նշեց.
«Անկեղծ ասած, երբ առաջին անգամ լսեցի, որ գիրք է գրվել ֆեյսբուքի մասին, շատ ուրախացա: Կարծում էի, որ այն կլինի խորքային վերլուծություն` առհասարակ ֆեյսբուքի հայկական տիրույթի մասին: Առաջին անգամ ընթերցելիս առաջին 7-10 էջն ինչ-որ անհասկանալի ոճ էր ինձ համար: Հետո նորից կարդացի. ոճն արդեն սկսեց մի փոքր ավելի պարզ երևալ: Կարդալով գիրքը, ընդհանուր առմամբ, չէի ասի, որ ուղեղային կենտրոնները, եթե ուսումնասիրեն այս գիրքը, Հայաստանի ֆեյսբուքյան տիրույթի մասին շատ թանկ և արժեքավոր տեղեկատվություն կստանան: Առաջին քայլն արվել է, որից հետո կլինի շարունակություն։ Որպես առաջին քայլ, որպես համարձակություն` գնահատելի է»։
Սոսե Չանդոյան