Երվանդ Զախարյանը ձեռք է առնում ժողովրդին՝ պատասխանատվություն չկրելով. ակտիվիստ
ОбществоԱյսօր էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լրագրողներին ասաց, որ էլեկտրաէներգիայի սակագների թանկացման հայտը հիմնավոր է:
Orer.am-ի հետ զրույցում քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը այսպես մեկնաբանեց Զախարյանի խոսքերը. «Անցյալ տարվանից այս մարդը ժողովրդին ձեռք է առնում. երբ նախորդ տարի թանկացնում էին հոսանքը, լրագրողները հարց տվեցին՝ ինչպե՞ս է ժողովուրդը ծանր պայմաններում մուծելու այդ գումարները, նա ասաց՝ «մի կերպ»: Այս տարվա հարցազրույցում Զախարյանն ասում է, որ իրենց մեղավորությունը կա պարտքերի գոյացման հարցում, սակայն 40 տոկոսով հոսանքի գնի թանկացումը հիմնավորված է: Սա արդեն չափից դուրս ծիծաղելի է: Մարդն արդեն ծաղրի է ենթարկում ամբողջ ժողովրդին և պատասխանատվություն չի կրում: Զախարյանն ազգաբնակչությանը ասում է. «Մենք ենք մեղավոր, բայց դուք պարտավոր եք մեր կերած փողերը փակել»»:
Անդրադառնալով վաղը՝ մայիսի 14-ին՝ ժամը 19.00 Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրային քննարկմանը՝ Վաղինակ Շուշանյանը հույս հայտնեց, որ այն կլինի բազմամարդ և կհնչեն լավ գաղափարներ, քանի որ բազմաթիվ մասնագետներ են գալու, որոնք իրենց վերլուծություններն են ներկայացնելու՝ արդյոք հիմնավոր են թանկացումները: «Իհարկե, հիմնավոր չէ գնի բարձրացումը. եթե ես վճարել եմ իմ ամսական գումարը և հոսանքս չեն կտրել, պարտք չունեմ, ապա պարտք չպետք է ունենա նաև այն կազմակերպությունը, որն այդ հոսանքը տրամադրում է, որովհետև նրանք վնասով չեն աշխատի երբեք: Եթե մի ընկերություն վնասով է աշխատում, ինչպե՞ս է կարող է բարեգործություններ անել, հեռուսռահաղորդումների հովանավոր դառնալ և իր ենթակայաններին կից թանգարան բացել: Զարմանալի է, թե էլեկտրական ընկերությունը ինչպիսի թանգարան կարող է բացել. էլեկտրալարե՞րն են ցուցադրելու այնտեղ, թե՞ սյուները: Ուղղակի դա միջոց է, որտեղ հնարավոր է լվալ իրենց, իսկ ավելի ճիշտ՝ մեր փողերը, ուտել՝ հետո ասելով, թե պարտք է գոյացել և պետք է փակել, քանի որ այն Հայաստանի ներսում չէ: Բայց այստեղ մի նրբություն էլ կա. մի երկրում, որտեղ արտադրվում և արտահանվում է էլեկտրաէներգիա, ու այդ երկիրը համարվում է տարածաշրջանում ամենաթանկ էլեկտաէներգիա վաճառողը, ինչո՞վ են զբաղվում տարբեր վերահսկողական ֆունկցիա ունեցող կազմակերպությունները: Մենք այսօր մեր սպառողին ավելի թանկ ենք վաճառում հոսանքը, քան այն պետություններին, որտեղ այն արտահանում ենք: Շատ մասնագետներ ասացին, որ սպառման ծավալները կկրճատվեն, օրինակ՝ տնտեսագետներ Վահագն Խաչատրյանը, Հրանտ Բագրատյանը: Մեր ընկերների մեջ էլ կան ինժեներներ, տնտեսագետներ, ովքեր հաշվարկներ արեցին: Մենք տեսանք, որ Գազպրոմը էժանացրեց գազը Հայաստանի համար, սակայն սպառողն իր վրա դա չզգաց: Այստեղից հետևություն կարելի է անել. եթե չեն էժանացնում գազը, դեռ մի բան էլ հոսանքն են թանկացնում, մեզ մնում է մեր հագի վերջին շապիկը տանք իրենց, թողնենք ամեն բան ու գնանք, բայց նրանց ուզածը մենք չենք անի: Կան մեր նման մտածողներ, ովքեր մնալու են նրանց կոկորդին ձկան փշի պես: Նրանք պետք է հասկանան, որ այս տեմպերով գահընկեց կարվեն ժամանակից շուտ»,- ընգծեց Վաղինակ Շուշանյանը:
Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի