Արամ Ա կաթողիկոսը գիտի, թե ինչ է անում. Մանվել Եղիազարյան
ИнтервьюOrer.am-ը բազմիցս է անդրադարձել Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսի` Թուրքիայի Սահմանադրական դատարան արդեն իսկ ներկայացված հայցին: Նշենք, որ հայցի հիմքում դրվել է Սիսի կաթողիկոսարանի վերադարձն իր իրավատիրոջը` հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին:
Կաթողիկոսը թեմայի հետ կապված նշել է, որ նա այդ քայլին դիմում է ոչ զգայական կամ քարոզչական նկատառումներով: Հաշվի առնելով Թուրքիայի խիստ «դեմոկրատական» լինելը եւ «անաչառ» արդարադատության իրականացումը` հատկապես հայերի նկատմամբ, նա նաեւ հավելել է, որ եթե Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից դատը մերժվի` այն կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հավելենք, որ այս օրերին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Միացյալ Նահանգներում հովվապետական այցելության ընթացքում մոտիկից հետևում է Սիսի կաթողիկոսարանի վերադարձի վերաբերյալ Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացված հայցի ընթացքին:
Կաթողիկոսի կատարած քայլի եւ Թուրքիայի հնարավոր արձագանքի վերաբերյալ Orer.am-ը զրուցեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ. «Գիտեմ, որ Արամ կաթողիկոսը առաքինի եւ ազնիվ մարդ է, ով իր հայրենիքի համար ցավում է: Ես ուրախ եմ, որ կաթողիկոսը նման քայլի է դիմել, սակայն Թուրքիան այն երկիրը չէ, որ դատ ու դատաստանով կարողանաս հարցեր լուծել: Պետք չէ մոռանալ, որ այդ նույն Թուրքիան վերցրել է մեր ամբողջ հողերը: Եթե անգամ հետ վերադարձնեն մեր սրբատեղիները, եկեղեցիները` միունույն է դա որեւէ բան չի փոխում Թուրքիայի վարած քաղաքականության մեջ: Տվյալ պետությունը շարունակելու է մնալ մարդասպան պետություն, որը մարդկանց կյանքերը խլելուց բացի` խլել է նաեւ մեր պապենական հողերը»:
Հրամանատարը, բարձր գնահատելով կաթողիկոսի կատարած քայլը, նշեց. «Ասեմ, որ նա շատ բան է արել հայության համար, եւ ես գնահատում եմ Արամ Կաթողիկոսի այդ քայլը: Նա փորձում է գոնե մեր սրբատեղիները հետ վերադարձնել: Նրան ավելի տեսանելի են գրանցվելիք հաղթանակները եւ հետագա քայլերը. նա գիտի, թե ինչ է անում: Սակայն ես` որպես մարդ, ով լավ գիտի հայոց պատմությունն ու Թուրքիայի վարած քաղաքականությունը, գտնում եմ, որ Թուրքիային պետք է պարտադրել, եւ դա պետք է լինի բոլորի կողմից: Ամբողջ աշխարհը պետք է պարտադրի Թուրքիային հետ վերադարձնել այն ամենը, ինչը պատկանում է մեզ: Մեր պապերի սարքածը մեր ժողովրդի սեփականությունն է»:
Մանվել Եղիազարյանը, առաջ քաշելով մեկ կարեւոր հանգամանք, նկատեց` այսօր աշխարհում անարդար մարդիկ ավելի են գնահատվում. «Այսօրվա դրությամբ թուրքերը նեղանում են, որ իրենց հայ են ասում: Եղբա՛յր, դու այնքան պետք է օճառով մաքրվես ու քավարան գնաս, որ վերջում քեզ գոնե հայ անվանեն: Ցավոք, այսօրվա աշխարհի դրվածքն այնպես է, որ առաքինի մարդը շատ ավելի քիչ է հարգվում, քան մարդասպանը»:
Սոսե Չանդոյան