Մոնոպոլ կառույցն արտադրողներից բավական էժան է գնում հոսանքը եւ մեծ շահույթի հնարավորություն ունի, սակայն…
ИнтервьюԱյսօր ժամը 19.00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրային քննարկում` կապված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ: Թե արդյո՞ք թանկացումը կարելի է համարել հիմնավորված եւ արդյո՞ք հանրությունն այս անգամ եւս կուտի կառավարության կողմից գեղեցիկ փաթեթավորված հերթական «կուտը», Orer.am-ը ճշտեց Երեւանի «Բարեւ Երեւան» խմբակցության ավագանու անդամ Արմեն Մարտիրոսյանից.
«Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումները պայմանավորված են նրանով, որ անհրաժեշտ է մեծ գումարներ յուրացնել էլեկտրաէներգիայի հաշվին: Ճիշտն ասած` ես հանրային պահանջ կոչվածը դեռեւս չեմ տեսնում, իսկ թե տվյալ թեմայի հետ կապված պահանջ կլինի, թե ոչ, մի փոքր դժվարանում եմ ասել, որովհետեւ անցած տարի եւս, երբ թանկացումներ էին տեղի ունենում, մենք տեսանք, որ հանրային բողոք տեղի չունեցավ: Հնարավոր է, որ իրար տեսնելիս խոհանոցում եւ այլ վայրերում մեր քաղաքացիները բողոքում են, սակայն դա արդեն անձնական բողոք է, այլ ոչ թե հանրային: Նկատենք, որ անցած տարի կազմակերպված հանրահավաքին ընդամենը մի քանի հարյուր մարդ էր մասնակցում: Հավաքվել էին հիմնականում քաղաքացիական ակտիվիստ կոչված հատվածը եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Ասեմ, որ քաղաքացիների լայն բողոք ես չտեսա, իսկ թե ինչ կլինի այս անգամ, չեմ կարող ասել:
Նորից կրկնվելով ասեմ` անցած տարի քաղաքական ուժերը կազմակերպեցին այդ ակցիան, ինչի հետ կապված Facebook-ում հարյուրավոր մարդիկ համաձայնություն հայտնեցին մասնակցել ակցիային, սակայն պետք է նկատենք ու նշենք, որ այդ կոչ անողներից ընդամենը մի քանի տասնյակ մարդ էր եկել»:
Իսկ սակագնի բարձրացման, էլեկտրաէներգիայից ստացված շահույթների եւ տանուլ տված գումարների վերաբերյալ Ա. Մարտիրոսյանը նշեց. «Սակագնի բարձրացումը, միանշանակ, անըդունելի է, որովհետեւ որեւէ հիմնավորում գոյություն չունի: Որոշ մարդիկ պարզապես յուրացրել են գումարը, եւ հիմա դուրս գրման գործընթաց է տեղի ունենում, իսկ իրենք էլ ստիպված սակագին են բարձրացնում: Մոնոպոլ այն կառույցը, որը արտադրողներից բավական էժան է գնում հոսանքը, մեծ շահույթի հնարավորություն ունի, սակայն այսօրվա դրությամբ հանրությանը կանգնեցնում է փաստի առաջ: Ասեմ, որ սպառողներին հոսանքը վաճառվում է բավական թանկ գնով, մինչդեռ աշխարհում նման վերադիրներ գոյություն չունեն: Եթե նման վերադրով սակագինը կրկին բարձրացնելու հետ կապված այսօր խնդիր է առաջանում, ապա այստեղ խոսք կարող է լինել միայն յուրացումների մասին»:
Արմեն Մարտիրոսյանը ենթադրում է, որ այս ամենի մեջ նորից իշխանության «մատը խառն է». «Ամենյան հավանականությամբ այս ամենի մեջ իշխանության «մատը խառն է»: Դրա համար էլ այսօր խնդրով ոչ ոք չի մտահոգվում. ընդամենը սակագին են բարձրացնում, որովհետեւ խելոք հասարակություն ունենք: Մեր ժողովուրդը կարծես թե ծով համբերություն ունի, իսկ նրա` խնդրին լուծում տալու լավագույն տարբերակը արտագաղթն է դարձել»:
Սոսե Չանդոյան