«Նրանք մեզ պարտք են, դեռ մի բան էլ ավել». Նաիրիտցիները շարունակում են պայքարը՝ նստացույցի տեսքով
ИнтервьюOrer.am-ն իր ընթերցողներին արդեն իսկ տեղեկացրել էր, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները դեռ երեկ առավոտից նստացույց են սկսել ՀՀ կառավարության շենքի դիմաց: Հավաքվածների պահանջը նույնն է` վերջիններս պահանջում են մարել ամիսների ընթացքում կուտակված եւ չվճարված իրենց աշխատավարձերը: Նրանք կառավարության անդամներին հիշեցնում են իրենց իրավունքների մասին հետևյալ գրությամբ՝ «Աշխատավարձի ստացումը մարդու հիմնարար իրավունքն է»:
Նշենք, որ կառավարության դիմաց հավաքված նաիրիտցիները նաև «Նաիրիտ» գործարանի վերագործարկում են պահանջում:
Ի դեպ՝ բողոքի ակցիայի մասնակիցները մի քանի ժամը մեկ փոխարինում են իրար: Նրանց տան անդամները վերջիններիս ապահովում են առաջին անհրաժեշտության պարագաներով` բարձ, գորգեր, տաք ըմպելիքներ:
Orer.am-ի հետ զրույցի ժամանակ տվյալ գործարանի ախատակից Նաիրա Խաչատրյանը նշեց. «Մենք արդեն հոգնել ենք այս ամենից: Եթե լինի մեկը, ով կարդարացնի իշխանության այս գործելաոճը, թող գետինը մտնի: Բացատրեք խնդրեմ, ինչի՞ համար ես պետք է աշխատեմ ու խաբված լինեմ, ո՞վ է տվել նրանց այդ բարոյական իրավունքը, որ մարդուն աշխատացնեն ու հետո խաբեն»:
Ն. Խաչատրյանը նաեւ հավելեց, որ իրենք չեն պատրաստվում հանձնվել եւ պայքարելու են մինչեւ վերջ. «Մենք չենք հանձնվելու, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ: Խոսքը մի երկու կոպեկի մասին չէ: Մենք պահանջում ենք մեր աշխատավարձը, որը ամիսների ընթացքում կուտակվել է: Ասեմ ավելին, աշխատանքային օրենսգրքում սեւով սպիտակի վրա գրված է, թե որքան ժամանակում պետք է վճարել աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց ու որքան տույժ եւ տուգանք պետք է վճարել աշխատավարձը ուշացնելու համար: Այնպես որ նրանք մեզ պարտք են, դեռ մի բան էլ ավել»:
Բողոքի ակցիայի մասնակիցներից Կարեն Պետրոսյանն էլ հավելեց. «Ես զարմանում եմ ուղղակի: Մեր իշխանությունները լավ էլ տեսնում են, թե սոցիալական ինչ ծանր պայմաններում են ապրում մարդիկ: Այդ ամենը լավ իմանալով՝ նրանք փաստորեն ուզում են մեզ նաեւ հոգեբանորեն կոտրել: Ասեմ` չենք հանձնվելու: Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ ու հետ ենք ստանալու մեր գումարները: Պետք լինի ամիսներով կգանք ու նստացույց կանենք: Մենք հակաօրինական որեւէ քայլ չենք անում, ընդհակառակը պահանջում ենք մեր հասանելիքը:
Մենք չենք բռնելու արտագաղթի ճանապարհը: Սա մեր պետությունն է, մեր երկիրը ու ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես մենք ենք ուզում՝ ՀՀ քաղաքացիներս»:
Սոսե Չանդոյան