Ցինիզմը հասել է այն մակարդակին, որ երեկ Երվանդ Զախարյանը հայտարարեց` Հայաստանից ոչինչ կախված չէ. Ա.Կիվիրյան
ОбществоԵրեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հանրային քննարկում, որին ներկա էին գտնվում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ մի շարք ակտիվիստներ:
Նշենք, որ հրապարակում հավաքված անձանց թիվը սպասվածից էլ քիչ էր. թե ինչո՞վ է պայմանավորված սկավամարդությունը, արդյո՞ք հանրությունը հիասթափվել է պայքարելուց, Orer.am-ը ճշտեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանից. «Եթե մարդիկ հոգնել են պայքարելուց, ապա իզուր, որոհետեւ միայն պայքարով կարելի է ինչ-որ բանի հասնել: Ինչ վերաբերում է թանկացումներն, ապա ասեմ, որ դրանք ակնհայտորեն անհիմն են:
Հայաստանի Հանրապետությունում այս վերջին տարիներին տեղի ունեցող թանկացումները մինչ օրս որեւէ հիմնավորում չեն ստացել: Հիմնավորում չի ներկայացվում, որովհետեւ նրանք գտնում են, որ հաշվետու չեն հասարակությանը: Ցինիզմը հասել է այն մակարդակին, որ երեկ Երվանդ Զախարյանը հայտարարեց՝ Հայաստանից ոչինչ կախված չէ: Փաստորեն, Հայաստանն անկախ երկրից վերածել են ինչ-որ սուբյեկտի, որից ոչինչ կախված չէ: Հետո ասում են, թե էլեկտրոցանցերում տեղի են ունենում գողություններ, չարաշահումներ, եւ կառավարումը նորմալ չի իրականացվում. այստեղ է, որ հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է հանձնել մեր էլեկտրոցանցերը ռուսական ընկերությանը: Իհարկե, դա արել են մեր իշխանությունները»:
Իսկ թե կոնկրետ ո՞ր իշխանություններին են հիմնականում մեղադրում ստեղծված իրավիճակում, Կիվիրյանը նշեց. «Այս պահին պատասխանատու են այս իշխանությունները: Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանության անցումը տեղի է ունեցել ոչ թե ընտրությունների միջոցով, այլ` ժառանգաբար: Սերժ Սարգսյանն այս իշխանությունը ստացել է ժառանգաբար, հետեւաբար պարզ է, որ նա պատասխանատվություն է կրում հարցի եւ իրավիճակը շտկելու համար»:
Իսկ թե որքանո՞վ է տրամաբանական սոցիալական ծանր վիճակում գտնվող հանրությանը սպառվող հոսանքի դիմաց ստիպել վճարել աստղաբաշխական թվեր, վերլուծաբանն ասաց. «Իսկ մինչ օրս ի՞նչ տրամաբանություն եք տեսել իշխանության քայլերի մեջ: Իրենք կարող են նույն ձեւով հոսանքի գինը թանկացնել ոչ թե 15 դրամով, այլ` 500, 600 1000 դրամով: Երբ մենք նայում ենք իշխանության գործողություններին, տեսնում ենք, որ տրամաբանություն չկա, առկա է լկտիություն: Բացի նրանից, որ թալանում են, դեռ փորձում են վերջնական սննկացնել հասարակությանը: Ակնհայտ է, որ հոսանքի գնի թանկացումը միայն հոսանքի գնի վրա չի ազդելու, դրանից հետո կթանկանան բազմաթիվ սպառողական ապրանքներ:
Անգամ մեկ տարի չանցավ այն խոստումից, որ թանկացում չի լինելու, սակայն, ինչպես տեսնում ենք, թանկացում, այնուամենայնիվ, տեղի ունեցավ: Չի բացառվում, որ երեք ամիս հետո նորից հայտարարվի, որ էլեկտրաէներգիայի գինը կրկին բարձրանալու է»:
Սոսե Չանդոյան