Վրաստանի քաղաքացիները չեն վստահում գործող իշխանություններին. անվստահության պատճառները պարզաբանում է վրացագետը
ПолитикаՊարզվում է, որ մեր հարեւան Վրաստանում, որը չափից շատ է սիրում սիրախաղ անել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ներքաղաքական կյանքը բավական լարված է եւ անհասկանալի խառը: Ինչպես Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց վրացագետ Ջոնի Մելիքյանը, Ամերիկյան դեմոկրատական կուսակցության հետազոտական ինստիտուտը տարվա մեջ մի քանի անգամ անց է կացնում սոցիոլոգիական հարցումներ՝ հասկանալու համար, թե իրականում ինչ խնդիրներ կան տնտեսական, քաղաքական ոլորտներում: Այս անգամ գրանցված արդյունքներն, ինչ խոսք, հաճելիներից չէր Վրաստանի գործող իշխանությունների համար.
«Այդ հետազոտության միջոցով են արտահայտվում ոչ միայն տնտեսական վիճակագրական տվյալները, այլեւ քաղաքական գործիչների վարկանիշները: Ասեմ, որ մայիսի 11-ին եւ 13-ին տվյալ կառույցը հրապարակեց իր կողմից կատարված ուսումնասիրության տվյալները, որով ցույց է տրվում, որ գործող «Վրացական երազանք» կոալիցիան այսօրվա դրությամբ բնակչության կողմից ունի 24% աջակցություն, իսկ իրենց ընդդիմադիր թեւը` Սահակաշվիլու նախկին թիմը, ունի 16%, դե իսկ «Ազատ դեմոկրատները», որոնք անցած տարվա նոյեմբերին դուրս եկան եւ որպես ընդդիմություն շարունակեցին գործել, ունեն ընդամենը 5% աջակցություն»:
Ըստ վրացագետի՝ տոկոսային խիստ տարբերությունը առաջին հերթին պայմանավորված է արտաքին քաղաքականությունում տիրող զարագացումներով. «Այս տվյալները խոսում են այն մասին, որ վերջին ամսիների ընթացքում, երբ ազգային արժույթն արժեզրկվեց, բավական լուրջ ֆինանսական խնդիրներ ստեղծվեցին, ինչն էլ տնտեսության վրա ազդեցություն ունեցավ: Ասեմ, որ այս խնդրի հիմնական պատճառը նաեւ կապված է Ռուսաստանի հետ, քանի որ տվյալ պետության վրա պատժամիջոցներ են կիրառվում: Նկատեմ, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը եւս մեծ ազդեցություն ունեցավ Վրաստանի վրա, քանի որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի շուկաները կարեւոր են Վրաստանի առեւտրաշրջանառության վրա: Այս բոլոր իրադարձությունները տարան նրան, որ մակրոէկոնոմիկական վիճակի վատթարացումը խթան հանդիսացավ, որպեսզի այսօրվա դրությամբ Վրաստանի քաղաքացիները չվստահեն գործող իշխանություններին»:
Ջոնի Մելիքյանը վստահեցնում է, որ Վրաստանի ներքաղաքական կյանքը առաջիկա մեկ տարում լինելու է բուռն ու հետաքրքիր. «Բավական հետաքրքիր է այն հանգամանքը, որ բնակչության մոտ 45%-ը չի սատարում իշխող կուսակցությանը կամ առհասարակ որեւէ այլ կուսակցության: Սա նշանակում է, որ այսօրվա դրությամբ լավ մրցակցային իրավիճակ է ստեղծվում, այսինքն՝ ով լավ աշխատի գալիք տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարող է հաղթանակ տանել: Մյուս կողմից էլ այս տվյալները խոսում են այն մասին, որ Վրաստանի կառավարությունը շատ վատ է աշխատում: Մենք տեսանք, որ օրերս կառավարությունը նոր կազմով հանդես եկավ: Կարծում եմ դեռ փոփոխություններ լինելու են, եւ Վրաստանի ներքաղաքական կյանքը մեկ տարվա կտրվածքով բավական ակտիվ է լինելու»:
Սոսե Չանդոյան