Իմ գյուղը քո համայնքին վնաս չէ. ավելի մոդեռն Հայաստան
АналитикаԻնչպես հայտնի է, Հայաստանում այս օրերին լայնորեն քննարկվում և արդեն իսկ տեղի է ունենում համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման գործընթացը: Այն, մասնավորապես, տեղի է ունենալու ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 45 միլիոն դրամի շրջանակներում՝ հանրաքվեի միջոցով: Մի կողմ թողնենք արդեն իսկ որոշ մարզերում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները, ըստ որի, մասնավորապես, Լոռու, Տավուշի, Սյունիքի 22 համայնքների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել համայնքների խոշորացման ծրագրին: Հարցը քննարկենք բոլորովին այլ հարթության վրա:
Եթե ընթերցողը հիշում է՝ մոտ մեկ տարի առաջ Հայաստան էր այցելել Եվրոպայի խորհրդի տեղական ինքնակառավարման մարմինների կոնգրեսի անդամ Նայջլ Մերմագենը, ով անդրադարձել էր Հայաստանում համայքների խոշորացման խնդրին: Մերմագենը իր կարծիքն էր արտահայտել, նշելով, որ հասկանում է, որ անցումային ու զարգացող պետություններում նման քայլերի գնալը, իհարկե, ռիսկային է: Ինքն էլ, եթե լիներ փոքր համայնքնի ղեկավար, բնականաբար, կդժգոհեր, քանի որ դրանով կորցնում է իր պաշտոնը: Նա հավելել էր նաև, որ Եվրոպայում դա չափազանց արդի ու կարևոր գործընթաց է, որի օգտակար լինելը համայնքի բնակիչները կզգան որոշ ժամանակ հետո:
Պարոն Մերմագենը, իհարկե, այս ամենը դիտարկում է Եվրոպական արժեհամակարգի, քաղաքական կապիտալի առկայության, հասարակության բարձր ինքնագիտակցման ֆոնին, որից, ցավոք, այսօր մեր երկիրը, եթե չասենք զուրկ, ապա առնվազն երկու ոտքից կաղում է: Իհարկե դժվար է եվրոպացի կոնգրեսականին բացատրել, որ Հայաստանի համայքների, էլ չասած գյուղերի, քարուքանդ եղած ճանապարհների, կոմունիկացիաների բարդ պայմաններում ինչպե՞ս են գյուղացիները գյուղի մի ծայրից մյուսը հասնելու ինչ որ փաստաթղթային ձևակերպման համար: Շատ հետաքրքիր է, թե ինչպե՞ս է կազմվելու և բաշխվելու խոշորացված համայնքների բյուջեն, և արդյո՞ք այն չի դառնալու հերթական բյուրոկրատ կառավարչի հարստացման միջոց:
Սա, իհարկե, չի նշանակում, որ գաղափարը ինքնին բոլորվին անպիտան է, սակայն դրա իրականացաման համար իշխանությունը պետք է սեփական հասարակության հարգանքն ու վստահությունը վայելի: Յուրաքանչյուր բարեփոխում Հայաստանում վեր է ածվում չարիքի, որովհետև մարդիկ չեն վստահում պետությանը, և դրա հետ չի կարելի չհամաձայնել: Անհրաժեշտ է նախ պատրաստել հասարակությանը նման շրջադարձի, տանել համապատասխան աշխատանքներ համայքների ներկայացուցիչների հետ, ինչը իսպառ բացակայում է: Ի վերջո՝ այդ մարդիկ տարիներով ապրել են գյուղերում, քաղաքներում և չեն ուզում իրենց բնակավայրի անունը փոխված տեսնել: Այսպիսի փոփոխությունը կատարվում է հիմնականում երկու ճանապարհով՝ ժողովրդի օգնությամբ և օժանդակությամբ՝ մասնավորապես հանրաքվեի միջոցով կամ պարտադրանքով, ինչը սակայն հենց նույն Եվրոպայում դիտվում է որպես ժողովրդավարական արժեքների խախտում: Հայաստանում մեր կառավարությունը, ամենայն հավանականությամբ, կկիրառի հայկական տարբերակը և նախանձելի սառնասրտությամբ հանրաքվե անց կացնելով՝ միևնույնն է կանի այն, ինչ անհրաժեշտ է, այսինքն հաշվի չառնելով հանրաքվեի արդյունքը՝ կընդունի համայքների խոշորացման համապատասխան որոշում: Կստացվի, որ կկիրառվի երկու եղանակն էլ, և ինչպես ասում են՝ մի զարկով երկու նապաստակ կխփի:
Նարեկ Ադամյան
Orer.am, վերլուծաբան