Արամ Մանուկյանը կստիպի քրեական գործ հարուցել. նախարարի ասածը հայտարարություն էր հանցագործության մասին
ИнтервьюՄինչ ՀՀ Ազգային ժողովի հարակից այգում հանրության մտահոգ զանգվածը քննարկում էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարի հարցը, ԱԺ պատգամավորները` հատկապես ընդդիմադիրները, շենքի ներսում շարունակում են լուծումներ գտնել եւ հնարավորինս շուտ հարցին լուծում տալ:
Orer.am-ի հետ զրույցում սակագնի դեմ ակտիվ պայքար տանող պատգամավորներից ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը պայքարող անձանց սակավաթվության հետ կապված նշեց.
-Առաջին հանդիպմանը, որին ինձ հրավիրել էին, հավաքվել էին թվով 30 հոգի, երկրորդին կլինի 300: Մարդկանց թիվը քիչ էր, քանի որ բոլոր լծակներն իրար միացված չէին, քաղաքական ուժերից ոչ մեկը ոչ մի քայլ չէր արել: Հավատացեք, եթե գործը հասնի դրան՝ կհավաքվի 50 հազար մարդ, սակայն գտնում եմ, որ այս գլխից է պետք հարցը լուծել, այլ ոչ թե թողնել, որ բանը հասնի հանրահավաքներին:
-Եթե հիասթափված հանրությունը ակտիվ մասնակցություն չունենա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը՝ հնարավո՞ր է արդյոք, որ ՀԱԿ-ը ոտքի հանի իր թիմին եւ հանրահավաքների տեսքով հանդես գա:
-Այո, իհարկե:
-Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ տվյալ հարցի շուրջ քննարկում եղե՞լ է:
-Դա արդեն ձեր գործը չէ, թե ում հետ ինչ ենք քննարկում: Պարտավոր չեմ գործի բոլոր մանրամասները ձեզ ասելու:
-Նախարարը խոսեց էլեկտրաէներգիայի ոլորտում գողությունների մասին, արդյո՞ք սա հանցագործության մասին հայտարարություն չէր, եւ ինչո՞ւ մինչ օրս քրեական գործ չի հարուցվել:
-Դա հայտարարություն էր հանցագործության մասին, որին պետք է հաջորդեր դատախազություն գործերն ուղարկելը, եթե նրանք չուղարկեն՝ ես կուղարկեմ, թող քրեական գործ հարուցեն:
Սոսե Չանդոյան
Հ. Գ. Հետաքրքիր է, որ ՀԱԿ պատգամավորը, ով մինչ այդ մեծ սիրով պատասխանում էր Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հարցերին, կարծես թե «տոկի» ենթարկվեց Տեր-Պետրոսյանի անունը լսելիս… իսկ թե որն է դրա իրական պատճառը, դեռ կճշտենք…
Ինչ վերաբերում է ԼՏՊ-ի հետ թաքուն հանդիպումներին ու քննարկումներին, մեջներդ մի պահեք, ասեք թող հանրությունն էլ իմանա…