«Ես չեմ երաշխավորում, որ վաղը իմ տղաները չեն հայտնվի նման ծեծկռտուքների մեջ». Վ. Բաղդասարյանն իր տղաներին համեմատեց Լիսկայի տղայի հետ
ИнтервьюOrer.am-ը հետեւողական լինելով մայիսի 2-ին Գորիս քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ կապված զարգացումներին՝ իր ընթերցողներին է ներկայացնում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ զրույցը՝ վերը նշված իրադարձության վերաբերյալ.
-Պարոն Բաղդասարյան, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ այն կարծիքին են, որ Սյունիքում իրար հերթ չտվող հանցագործությունները կապված են տարածքում տիրող անպատժելիության մթնոլորտի հետ, ի՞նչ կասեք Դուք այս մասին:
-Ես դատապարտում եմ տեղի ունեցածը և ուզում եմ նշել, որ դա անթույլատրելի է, սակայն չեմ կարծում, որ նման դեպքերի հաճախակիությունը կապված է անպատժելիության մթնոլորտի հետ: Քննություն է ընթանում, եւ իրավապահ մարմինները բոլոր հարցերի պատասխանները կտան: Երիտասարդների մեջ բանավեճեր լինում են, դրանք անընդհատ կապել Սուրեն Խաչատրյանի, նրա կատարած աշխատանքի հետ, չեմ կարծում, որ ճիշտ է:
-Սուրեն Խաչատրյանը պաշտոյա է, եւ նա պետք է կանխի որդու քայլերը, որպեսզի իր անունն ավելորդ անգամ չհոլովվի տարբեր բացասական զարգացումների ժամանակ:
-Գիտենք, որ Տիգրան Խաչատրյանը ներկայացել է, տվել է իր ցուցմունքները: Քննչական կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա նոր կարող ենք ասել, թե ինչ է տեղի ունեցել:
-Չե՞ք կարծում, որ մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքն իշխանության կողմից վարվող սխալ կադրային քաղաքականության պատճառ է:
-Իսկ չե՞ք կարծում, որ անկախ նրանից՝ Սուրեն Խաչատրյանը մարզպետ լիներ, թե ոչ, նման վեճերը կարող էին լինել ու անընդհատ կրկնվել: Գիտեք, բոլոր տեղերում էլ վեճեր լինում են, ու եթե նրանց հայրը պաշտոնյա չէ՝ աղմուկ չի բարձրանում, իսկ եթե պաշտոնյա է՝ ամեն ինչ լինում է այնպես, ինչպես հիմա է տեղի ունենում:
-Ի՞նչ է, դաստիարակության պակա՞ս ունի Խաչատրյանի որդին: Ինչո՞ւ, օրինակ, Ձեր զավակները չեն հայտնվում նման սենսացիոն իրադարձությունների կիզակետում:
-Ես չեմ երաշխավորում եւ ասում, որ վաղը իմ տղա երեխաները չեն հայտնվի նման ծեծկռտուքների մեջ, որովհետեւ ես ինքս փոքր ժամանկ փողոցի հետ կապված եմ եղել եւ շատ դեպքերում արյունոտ քթով տուն եմ գնացել եւ ստացել ծնողներիս կշտամբանքը: Դա տղա երեխաների համար սովորական երեւույթ է, իհարկե, պետք է շատ հետեւողական լինել, որ այդ ամենը շարունակություն չունենա:
-Այս պատմության հետ կապված քաղաքական որոշում կկայացվի՞ կապված Սուրեն Խաչատրյանի հետագա պաշտոնավարման հետ:
-Եթե Սուրեն Խաչատրյանն անձամբ այդ ծեծկռտուքին մասնակից լիներ, ապա կկայացվեր:
Սոսե Չանդոյան