Հովիկ ստուդիոն կներկայանա նոր պարային դրամայով
LifestyleԵրևանում է գտնվում Հովիկ ստուդիոյի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը: Նա պարբերաբար այցելում է բոլոր այն քաղաքները, որտեղ ունեն պարային խմբեր:
-Ինչպե՞ս եք հասցնում վերահսկել տարբեր տարածքներում գտնվող խմբերի աշխատանքները:
-Երբ 2000 թ -ին մեկնեցի Մոսկվա՝ հիմնական բնակության, մի տեսակ հոգևորի և մշակույթի հանդեպ մեծ հետաքրքրություն ունեի: Ծնվեց հայկական ազգային պարի ակադեմիա ունենալու գաղափարը: Ցավոք, հայրս, ով իմ ամենամեծ աջակիցն էր, մահացավ, ու միայն տարիներ անց հնարավոր եղավ երազանքս իրականացնել, և ես այն անվանակոչեցի ի պատիվ հորս:
-Կարգախոս ունե՞ք:
-Այո՛: Բացահայտելով նոր անուններ՝ մենք կերտում ենք մեր սեփական պատմությունը:

-Ե՞րբ սկսվեցին առաջին հաջողությունները:
-Երևի 2007-ից , երբ Մոսկվայի երկաթուղայինների մշակույթի պալատում անցկացվեց առաջին մեծ համերգը: Արձագանքները բուռն էին, հիացական, որն էլ մեզ ոգևորեց առաջ ընթանալ: Այսօր արդեն ՌԴ-ի և Եվրոպայի ամենամեծ հայկական ազգային պարի ակադեմիան ինը քաղաքներում ունի մասնաճյուղեր, որտեղ աշխատում են տասնմեկ պարուսույցներ: Նրանք հաճախ փոխարինում են միմյանց: Ըդհանուր ունենք մոտ 600 սան:

-Ենթադրում եմ՝ երևանյան մասնաճյուղի համար եք եկել, ի՞նչ նորություններ են սպասվում:
-Այո՛, ես շրջում եմ այն քաղաքներում, որտեղ կան, աշխատում են մեր պարային խմբերը: Երևանում նախատեսված է մեծ համերգ՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Այն գեղեցիկ բեմադրված պարային դրամա է, որն արդեն իսկ ցուցադրվել է Մոսկվայում հուլիսի 28-ին: Հ. Պարոնյանի անվան թատրոնում նույնպես կցուցադրվի:
-Ո՞վ է ներկայացման սցենարի հեղինակը և ովքե՞ր են բեմադրիչները:
-Կորցրած երազանքի հետևից նովելը գրվել է իմ կողմից: Այն գեղեցիկ պարային դրամա է և ունի հետևյալ բովանդակությունը՝ սիրո պատմություն՝ 1915 թ-ի Հայոց ցեղասպանության կիզակետում: Ներկայացումը բեմադրվել է պարուսույցներ Գուրգեն Սինանյանի, Գագիկ Հայրապետյանի, Ռաֆիկ Հարությունյանի և այլոց ջանքերով:

-Միայն հայե՞ր են պարում ձեր խմբերում:
-Հիմնականում այո, ունենք նաև ռուսներ, դաղստանցիներ և մեկ ադրբեջանցի:
-Ո՞րն է հաջողության Ձեր բանաձևը:
-Թիմային աշխատանք ու պահանջկոտություն՝ նույնիսկ ինքներս մեր հանդեպ:
