Վրաստանը փորձում է տարածաշրջանում թուլացնել լարվածությունը եւ եզրեր գտնել Ռուսաստանի հետ
ИнтервьюՕրեր առաջ անդրադարձել էինք Վրաստանում իշխանություն-ժողովուրդ հարաբերության եւ նրանց միջեւ փոխվստահության հարցին: Ըստ վերջերս անցկացված սոցիոլոգիական հարցման տվյալների՝ Վրաստանում բնակվող ժողովրդի վստահությունը գործող իշխանությունների նկատմամբ նվազել է: Թե ինչո՞վ է պայմանավորված իշխանություն- հասարակություն համագործակցության թուլացումը, Orer.am-ը պարզեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանից, ով նախեւառաջ տարանջատեց սոցիոլոգիական հարցման տեսակները.
«Հարցումները լինում են երկու տեսակի` անաչառ եւ սուբյեկտիվ: Անաչառ հարցումներն իրականացվում են առկա իրավիճակն օբյեկտիվորեն գնահատելու համար, իսկ իմ կողմից նշված երկրորդ տարբերակը պատվերային է, որը նպաստում է ինչ որ մեկի իմիջի բարձրացմանը կամ անկմանը: Ասեմ, որ յուրաքանչյուր իշխանության վարկանիշը որոշում է այդ երկրի քաղաքացին` ընտրությունների միջոցով: Այն ամենը, ինչ ներկայացվել էր որպես սոցիոլոգիական հարցման տվյալ, պարզապես համեմատության մեջ ինչ որ թվեր էին»:
Ըստ վրացագետի՝ սոցիոլոգիական հարցման անցկացման եւ իշխանության հանդեպ անվստահության մթնոլորտի ձեւավորման մեջ Վրաստանի նախկին իշխանության «մատն է խառը». «Կարծում եմ, որ ամերիկացիների հովանավորյալ Սահակաշվիլու ձախողմամբ է պայմանավորված այս հարցումը, որովհետեւ ամերիկյան քաղաքականություն իրականացնող Սահակաշվիլին ձախողվեց 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում: Այդ իսկ պատճառով ամերիկյան իշխանությունները կձգտեն Վրաստանի իշխանությանը հնարավորիս վարկաբեկել:
Այս գործողությունների հիմնական նպատակն էլ այն է, որ ԱՄՆ-ին ավելի հավատարիմ իշխանություններ լինեն Վրաստանում: Նշեմ, որ վերջին ժամանակներս մեզ հարեւան պետությունում ձեւավորվել է Վրաստանի ամենահետաքրքիր իշխանությունը, որը համաժողովրդական ընտրությունների արդյունքում օբյեկտիվ կերպով եկավ իշխանության: Ճիշտ է, այսօր Վրաստանում սոցիալական, տնտեսական բնույթի բազմաթիվ խնդիրներ կան, բայց պետք է ասեմ, որ դրանք կապված են նաեւ տարածաշրջանային առանձնահատկությունների հետ: Ասեմ, որ նման խնդիր ունենք նաեւ մենք եւ մեզ հարեւան բոլոր երկրները: Վրաստանը փորձում է տարածաշրջանում թուլացնել լարվածությունը եւ ինչ որ հարթության վրա եզրեր գտնել Ռուսաստանի հետ, որը, բնականաբար, Ամերիկային դուր չի գալիս: Կրկնվելով կնշեմ, որ Վրաստանում այս պահին գործող իշխանությունն ամենաընդունելին է»:
Հարցին, թե արդյո՞ք այս իրարանցումը որեւէ կերպ կարող է բացասական ազդեցություն թողնել ջավախահայության վրա, պատգամավորը պատասխանեց.
«Այս իրարանցումները քաղաքական առումով որեւէ կերպ չեն ազդի ջավախահայության վրա: Նրանք՝ որպես Վրաստանի քաղաքացիներ, պարզապես կզգան սոցիալական, տնտեսական տագնապների հետեւանքները»:
Սոսե Չանդոյան