ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը կապված է սահմանադրական բարեփոխումների հետ
Интервью«Եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ կարողանանք ՀՀԿ-ի հետ միասին լինենք եւ որոշ հստակ հարցեր ամբողջական պատասխանատվությամբ լուծենք, ապա մենք չենք բացառի ՀՀԿ-ի հետ համագործակցելու տարբերակը»,- այս մասին երեկ իր տված հարցազրույցում նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Թե որքանով է ընդունելի ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը, եւ արդյո՞ք ՀՀԿ պատրաստ է կոալիցիա կազմել «Դաշնակցության» հետ, Orer.am-ը ճշտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանից.
«Արդեն մի քանի ամիս է, ինչ խոսվում է երկու ուժերի համագործակցության մասին: Նախ ասեմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ՝ կախված ժամանակահատվածից, որոշակի հարցերից, որոնք կանգնած են երկրի առջեւ, կարող է առաջարկներ անել: Հիշենք, որ «Դաշնակցությունը» տարիներ առաջ համագործակցել է «Հանրապետականի» հետ եւ եղել է կոալիցիայի անդամ:
Ես որեւէ խնդիր չեմ տեսնում համագործակցության մեջ, իսկ քանի որ «Հանրապետականն» էլ միշտ բաց ու թափանցիկ է աշխատում ու համագործակցության քայլերին էլ միշտ ընդառաջ է գնում, ապա կարծում եմ, որ համագործակցության եզրեր կգտնվեն»:
Հարցին` մտավախություն չկա՞, որ ՀՅԴ-ն իր «խասյաթի» համաձայն հերթական անգամ կդավաճանի կոալիցիոն իր գործընկերներին, պատգամավորը պատասխանեց.
«Ես դա դավաճանություն չէի համարի: Երբեմն տարբեր քաղաքական ուժեր որոշակի հարցերի հետ կապված ունենում են տարբեր տեսակետներ, տարբեր համոզմունքներ ու դիրքորոշումներ, եւ դրա հետ է կապված եւ՛ համագործակցությունը, եւ՛ տվյալ համագործակցության շրջանակներում կապերը խզելը: Գիտեք, ժամանակն առաջ է գնում, փոխվում են տեսակետները, դիրքորոշումները»:
Կարինե Աճեմյանը գտնում է, որ տվյալ համագործակցությունը կապ ունի նախեւառաջ սահմանադրական բարեփոխումների հետ. «Կարծում եմ, որ այս համագործակցությունը կապված է սահմանադրական բարեփոխումների հետ, որովհետեւ իրենք բազմիցս ասել են, կրկնել են ու առաջարկություններ են արել սահմանադրական բարեփոխումների հետ կապված: Կարծում եմ, որ այս համագործակցությունը հենց այս կոնտեքստում պետք է նայել»:
Սոսե Չանդոյան