Եթե ՀՅԴ-ն դավաճանի, ուրեմն Աստված իրենց հետ. մենք էլ կոալիցիան կքանդենք
ИнтервьюԱյն, որ ՀՅԴ-ն իշխանությունների հետ տեւական ժամանակ սիլիբիլի էր անում, գաղտնիք չէր, սակայն նկատենք, որ նրանք արդեն բացահայտ կերպով խոսում են կոալիցիա կազմելու եւ երկրի կառավարման մեջ իրենց մասնակցությունն ունենալու մասին: ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական զույգի եւ հետագա սիրավեպի մասին Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ.
-Պարո'ն Ալեքսանյան, լինելով իշխանական ուժի ներկայացուցիչ` ինչպե՞ս եք գնահատում ՀՅԴ-ի` իշխանության հետ համագործակցելու ցանկությունը:
-Հանրապետական կուսակցության քաղաքականությունն է մշտապես եղել համագործակցել այն կուսակցությունների հետ, որոնք իրենց հիմնական ուղղություններով, ծրագրերով ու գաղափարախոսությամբ ունեն ընդհանուր եզրեր ՀՀԿ-ի հետ: Եթե նրանք ուզում են կոալիցիա կազմել եւ մասնակցել երկրի կառավարմանը՝ ներկայացնելով իրենց ծրագրերը, ապա մենք դեմ չենք: Հետեւելով ՀՅԴ-ի վերջին գործողություններին ու հայտարարություններին՝ կարող եմ ասել, որ նրանք գրեթե նույն կերպ են պատկերացնում ե'ւ մեր երկրի արտաքին դիվանագիտությունը, ե'ւ ներքին քաղաքական զարգացումները: Ասեմ, որ կոալիցիա կազմելու հետ կապված պաշտոնական մակարդակով քննարկումներ դեռ չեն եղել: Ամեն ինչ դեռ խոսակցությունների մակարդակի վրա է:
-Չե՞ք կարծում, որ ՀՅԴ-ն որոշել է կոալիցիա կազմել զուտ իշխանություններից մի քանի պաշտոն պոկելու համար:
-Գիտեք, պաշտոնները հենց այնպես չեն ստանում, դրանք տրվում են ընտրությունների շնորհիվ: Եթե կոալիցիա կազմեն, ապա, ինչո՞ւ ոչ, հնարավոր է նաեւ որոշակի պաշտոններ էլ զբաղեցնեն կառավարման ոլորտներում. դա կոալիցիա կազմելու դրույթներից մեկն է:
-Կարելի՞ է ասել, որ ՀՀԿ-ն հավատում է անմեղ ՀՅԴ-ին, որն իշխանության հետ ընկերություն կանի բացառապես հանուն գաղափարի:
-Քաղաքականության մեջ նման բաներ չկան` անմեղություն եւ այլն, լինում են պայմանավորվածություններ, բանակցություններ: Քաղաքականության մեջ ազնվությունը, արդարամտությունը պարզապես խոսքերով ու հայտարարություններով չեն իրականանում: Ամեն ինչ պետք է գրված լինի թղթի վրա եւ հիմքեր պետք է ունենա: Նկատենք, որ եթե պայմանավորվածությունները չկատարվեն՝ նույն կոալիցիան կարող է քանդվել:
-Չե՞ք վախենում, որ ՀՅԴ-ն ինչպես քառյակին դավաճանեց, նույն կերպ էլ ՀՀԿ-ի հետ կվարվի:
-Հենց սզբից ասել եմ՝ չնայած նրան, որ քաղաքական չորս ուժերը համախմբվել էին, միեւնույն է կայուն լինել չէին կարող: Նրանց գաղափարներն ու ծրագրերը տարբեր էին: Նրանք ընդդեմ ինչ-որ բանի էին աշխատում, իսկ այս կոալիցիան կլինի ի օգուտ կառավարմանը: ՀՅԴ-ն կդավաճանի՞, ուրեմն Աստված իրենց հետ. մենք էլ կոալիցիան կքանդենք:
Սոսե Չանդոյան