Որոշ պատգամավորներ բոյկոտեցին Զարուհի Փոտանջյանի օրինագծի քննարկումը
ОбществоՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկած օրենքի նախագծի քննարկումը որոշեց անցկացնել դռնփակ ռեժիմով: Նիստը փակ անցկացնելու առաջարկով հանդես եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Զարուհի Փոստանջյանը խնդրեց հիմնավորել փակ անցկացնելու պատճառը` նշել ով, որ գտնվում են ժողովորդավար օրենսդիր քաղաքական մարմնում, և յուրաքանչյուր բանավեճ պետք է լայն հանրությանը հասանելի լինի: «Հիմնավորումներ կան ու շատ հստակ են: Միացյալ Նահանգների կոնգրեսում էլ երբեմն աշխատանքները փակ ռեժիմով են լինում, բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ը ժողովորդավար երկիր չէ: Կան պատմագիտական բնույթի շատ վտանգավոր անճշտություններ այս նախագծում, որոնց լրացուցիչ հրապարակայնացումը կարող է մեզ վնասել»,-ասաց Սամվել Ֆարմանյանը` ի պատասխան Զարուհի Փոստանջյանի դիտարկմանը:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը հայտնեց իր համաձայնությունը հարցի քննարկումը փակ ձևով անցկացնելուն` նշելով, որ այլապես քաղաքական գործիչները կարող են կաշկանդված լինել որոշակի գնահատականներ տալու առումով: «Մենք որպես այս կամ այն քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորներ, կցանկանայինք, որ փակ աշխատանքային ռեժիմով անցկացվեր քննարկումը: Մենք չենք ասում, որ սա գաղտնի փաստաթուղթ է, այն տարածված է: Մենք ուզում ենք փակ լինի այն մասը, երբ մենք մեր մոտեցումներն ենք ձեզ ներկայացնելու` հորդորելու ձեզ, որ հետ վերցնեք, կամ մեկ այլ բան անել, որ մենք մեզ կրակը ընկած վիճակում չզգանք: Ոչ ոք ձեզ չի կաշկանդում, որ հետո ինչ հայտարարություններ ցանկանում եք, անեք: Ես որպես նախկին արտգործնախարար չեմ ցանկանում իմ անունը շոշափվի մի քննարկման մեջ, որը զավեշտ կընկալվի իմ նախկին կոլեգաների կողմից»,-նշեց Ալեքսանդր Արզումանյանը:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ կարծում է, որ նման օրենքի նախագիծ չպետք է քննարկել: «Մենք այս նախագիծը հանձնաժողովում քննարկել ենք արդեն: Այն ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ այս քննարկումը չարվի: Ես դուրս եկա նիստից և հետո իմացա, որ հետաձգել եք հարցի քննարկումը: Ես դուրս եմ գալու այս քննարկումից, իմաստ չեմ գտնում, որ նման հարց քննարկվի»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
«Ես այն սկզբունքին եմ հակված, որ արտաքին քաղաքականության ոլորտը պետք է էապես տարբերվի մյուս որոլտներից: Չեմ ուզում էլ ավելի կարևորել այս ոլորտը, բայց այստեղ, այնուամենայնիվ, հարցերի քննարկումը պարունակում է բազմաթիվ նրբություններ: Մենք վստահ ենք, որ տարբեր հարցադրումներ կլինեն մեր գործընկերուհուն, որը չենք ցանկանա, որ մամուլում հրապարկման ենթակա լինի: Կարծում եմ, որ մեր լրագրողները ըմբռնումով կմոտենան»,-նշեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Պատգամավորներ Մհեր Շահգելդյանն ու Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ չհամարեցին օրենքի նախագիծը փակ ձևաչափով անցկանցել:
Մինչ հանձնաժողովականները կքվեարկեին բաց, թե փակ ձևաչափով անցկացնել նախագծի քննարկումը, Էդմոն Մարուքյանն ու Ալեքսանդր Արզումանյանը դուրս եկան նիստի դահլիճից: Անցկացվեց քվեարկություն և մեծամասնության ձայներով որոշվեց հարցը քննարկել փակ ռեժիմով:
Վիճահարույց հարցը Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին ՀՀ օրենքի նախագիծն է: