Հայաստանում իրար հայհոյելը ցուցադրություն է, գեղեցիկ բեմականացում՝ մեծահարուստների կողմից
ИнтервьюՍարգսյան-Ծառուկյան «շարիկային հարաբերությունների» մասին խոսվում է մինչ օրս: Այն, որ իրար ամենավերջին բառերով հայհոյող տղամարդիկ կարող են կանգնել կողք կողքի եւ լայն ժպտալ, արդեն խոսում է շատ կարեւոր եւ ահասարսուռ բաների մասին, սակայն այդ ամենը մի պահ դնենք մի կողմ՝ հասկանալու համար, թե քաղաքական ինչ քայլ էր դա իշխանության եւ Ծառուկյանի կողմից:
Հարցին, թե ժողովուրդն ում եւ ինչի համար պետք է այսուհետ հավատա, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը պատասխանեց.
«Մեր երկրում կա մի դրվածք` ժողովուրդը մի կողմ, իշխանությունը՝ քաղաքական իրադարձություններով` մյուս, եւ դա արդեն նորմալ է համարվում: Ժողովուրդը երբեք էլ ոչինչ չի որոշել եւ չի որոշի. նման իդեալիստական մոտեցումներ չեք գտնի անգամ ամենաքաղաքակիրթ երկրներում: Դե Հայաստանի մասին խոսք էլ չկա. ժողովուրդը կարող է իր կամքը դրսեւորել հանրաքվեի միջոցով: Ժողովուրդ ասելով պետք է ի նկատի ունենանք այն աղքատին, ով մեռնում է սովից հեռավոր գյուղերում, այն մարդուն, ով ստիպված վաճառում է ամեն ինչ ու հեռանում է մեր երկրից: Մեր երկրում ժողովուրդը շատ պասիվ է եւ պետք չէ նրա անվան տակ հասկանալ այն մարդկանց, ովքեր որոշների հրահանգով գնում ու կանգնում են հրապարակներում ու ինչ-որ բան գոռում-գոչում»:
Շաքարյանցը նաեւ հավելեց, որ գաղթելով, երկրից փախչելով, ընտրություններին չմասնակցելով ոչնչի չենք հասնի:
Orer.am-ը հետաքրքրվեց նաեւ՝ արդյո՞ք ողջունելի է իշխանության համար, երբ իրար հայհոյելուց հետո իշխանությունը թույլ է տալիս, որ իր կողքին կանգնի մի անձ, ով պատրաստ էր պայքարել մինչեւ վերջ՝ փորձելով գործի դնել պայքարի հնարավոր բոլոր միջոցները
«Գիտեք, հարց է առաջանում՝ իսկ ինչու Սարգսյանն ու Ծառուկյանն իրար հետ պետք է վատ լինեն: Մարդիկ պետք է իմանան, որ հարուստների մեջ մշտապես լինում են ինչ որ հարցեր, բարեկամական կապեր, հետեւաբար այդ մարդիկ պետք է իրար հետ շփվեն, այն էլ ջերմորեն:
Այսինքն ստացվում է, որ ջերմ հարաբերություններ ունեցող մեծահարուստները սիրում են իրար ամենավերջին բառերով ձևական հայհոյել: Հասարակությունը պետք է հասկանա եւ ընդունի, որ նրանք կարող են նաեւ հանդիպել առանց ցուցադրության, առանց նկարահանումների, խաղան բոուլինգ կամ ասենք միասին սրճեն: Դա նորմալ է. այստեղ ինչ-որ յուրահատուկ բան փնտրել պետք չէ:
Ինչպես տեսնում ենք, նրանց մոտ ամեն ինչ ձեւական է: Դա ցուցադրություն է, գեղեցիկ բեմականացում՝ մեծահարուստների կողմից»:
Սոսե Չանդոյան