Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթին մասնակցում է 25 երիտասարդ ջութակահար
КультураՏասնյոթ երկրի 25 երիտասարդ ջութակահարներ Հայաստանում են՝ մասնակցելու Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթին: ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո անցկացվող խաչատրյանական տոնը կմեկնարկի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 6-ին՝ անվանի կոմպոզիտորի ծննդյան օրը:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանը մրցույթի մեկնարկին նվիրված ասուլիսում նշեց, որ սկզբնական տարիներին մրցույթը քիչ մասնակիցներ ուներ:
«Ունեինք ներկայացուցիչներ տարբեր երկրներից, բայց մասնակիցները մեծամասամբ հայեր էին: Մենք կարողացանք այս տարիների ընթացքում ցույց տալ, որ կարող ենք մրցույթ անցկացնել: Այս տարի մեզ դիմել էր 60 ջութակահար, որոնցից 25-ը կմասնակցեն մրցույթին: Մասնակիցներից հինգը Հայաստանում ապրող ջութակահարներն են»,- նշեց Արմեն Սմբատյանը՝ շնորհակալություն հայտնելով մրցույթի ժյուրիի անդամներին:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, խոսելով մրցույթի հաջողությունների մասին, հավաստեց, որ այն լավագույնս ներկայացնում է հայկական մշակույթը:
«Աշխարհում ճանաչում ունի այս մրցույթը: Այս տարի երկու կարևոր հանգամանք պետք է առանձնացնենք: Նախ՝ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ՝ 2016-ին Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կհամալրվի ևս մեկ մասնագիտությամբ՝ դիրիժորություն, ինչպես նաև ֆեդերացիայի գլխավոր վեհաժողովը հաջորդ տարի տեղի կունենա Հայաստանում»,- նշեց նա:
Մրցույթի աջակից Ucom ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանն էլ ընդգծեց, որ մրցույթը հովանավորելն իրենց համար մեծ պատիվ է:
«Մենք տեսնում ենք, թե ինչպիսի մեծ աշխարհագրություն է ընդգրկում մրցույթը: Շնորհավորում եմ կազմակերպիչներին՝ իրականացրած աշխատանքների համար: Վստահ եմ, որ նոր հաջողություններ կլինեն»,- ընդգծեց նա:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով: Մրցույթի 1-ին փուլին կմասնակցեն 17 երկրի՝ 25 երիտասարդ ջութակահարներ։ Երաժիշտները ներկայացնում են Հայաստանը, Ռուսաստանը, Ռումինիան, Ավստրիան, Հարավային Կորեան, Ճապոնիան, Սերբիան, Էստորիան, Վենեսուելան, Ղազախստանը, Լիբանանը, Իրանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ն, Բելառուսը, Չինաստանը։ Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը։ Ժյուրիի կազմում են անվանի երաժիշտներ՝ Իգոր Պետրոշևսկին (Մեծ Բրիտանիա), Սերգեյ Կրավչենկոն (Ռուսաստան), Ինո Մերկովիչը (Խորվաթիա), Վլադիմիր Լանցմանը (Կանադա), Պաոլո Պետրոչելին (Իտալիա), Թոնգ Վեիդոնգը (Չինաստան): Մրցույթը կեզրափակվի հունիսի 14-ին: