Քաղաքապետի ճարտարապետ փեսան թաքցնում է, որ երկու տարի թույլատրել է ապօրինի գովազդը
ОбществоՎանաձոր քաղաքի կենտրոնական՝ Տիգրան Մեծ պողոտայի թիվ 63 շենքի երկու սեփականատերերի միջև առկա է վեճ` կապված շենքի արտաքին պատը գովազդի տեղադրման նպատակով օգտագործելու հետ: Շենքի նկուղային տարածքում գործող խանութի սեփականատերն առանց թույլտվության և դեղատան սեփականատիրոջ համաձայնության՝ պաստառներ է փակցրել առաջին հարկում գործող դեղատան արտաքին պատերին: Դեռևս 2012 թվականի մարտ ամսին Վանաձորի քաղաքապետարանը խանութի սեփականատիրոջը գրավոր նախազգուշացրել է սեղմ ժամկետներում ապամոտնաժել անօրինական տեղադրված պաստառները: Բայց, չնայած նախազգուշացմանը, տարիներով ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ, ինչի պատճառով անօրինական տեղադրված պաստառները մինչ օրս պահպանվում են շենքի պատերին: Տեսնելով, որ քաղաքապետարանը ոչինչ չի նախաձեռնում, փաստաբան Արթուր Սուքիասյանը դիմել էր քաղաքապետարան` խնդրելով իր վստահորդին՝ դեղատան սեփականատիրոջը թույլտվություն տալ վիճելի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու համար: Վանաձորի քաղաքապետարանը չէր տրամադրել` պատճառաբանելով, որ պատը զբաղեցված է ինքնակամ տեղադրված գովազդային վահանակներով: Արձանագրելով, որ առանց թույլտվության արտաքին գովազդ իրականացնող սուբյեկտի կողմից խախտումների դեմ չպայքարելուն զուգահեռ՝ Վանաձորի քաղաքապետարանը խոչընդոտում է նույն պատերի վրա օրինականան ճանապարհով արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար դիմող անձին, նաև երկու անձանց նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը, սեփականատիրոջը թույլտվություն չտրամադրելը, ըստ փաստաբանի, որևէ իրավաչափ բացատրություն կամ տրամաբանություն չունի, որևէ օրենքի, իրավական ակտի վրա քաղաքապետարանի մոտեցումը հիմնված չէ, փաստաբանը հետևության է եկել, որ քաղաքապետարանը հովանավորում է անօրինական գովազդ իրականացնող անձին:
Ընդգծելով, որ առանց թույլտվության իրականացվող արտաքին գովազդի համար տեղական տուրք չի վճարվում, փաստաբանը նկատում է, որ այս պարագայում վարչական մարմինը պետք է շահագրգռված լիներ վերացնելու խախտումը, որովհետև դրանից համայնքի բյուջեն է տուժում: Մինչդեռ քաղաքապետարանն այդ շահագրգռությունը չունի: «Ո՞րն է դրա պատճառը, արդյո՞ք համայնքի բյուջեին պատճառվող վնասը չկանխելը պայմանավորված չէ պաշտոնատար անձանց այլ՝ անձնական շահագրգռություններով: Կոնկրետ այս դեպքում ունենք փաստ, որ տարիներ շարունակ վարչական մարմինը ոչինչ չի արել, որպեսզի արտաքին գովազդ իրականացնող անձը համայնքին վճարի տեղական տուրք: Եվ ունենք հաջորդ փաստը, որ դեղատան սեփականատիրոջը (ով պետք է վճարի տեղական տուրք) արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն չի տրամադրում, քանի որ պատը զբաղեցված է անօրինական փակցված պաստառներով: Ստացվում է` թող համայնքային բյուջեն վնասներ կրի բյուջեին գումար չվճարող անձի պատճառով»,-ամփոփում է փաստաբանը և գալիս հետևության, որ սա կոռուպցիոն դրսևորում է:
Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության բաժնի պետ Տիգրան Պապանյանն ընդունում է, որ վիճելի պաստառները ապօրինի տեղադրված գովազդ են՝ առանց համապատասխան ձևակերպումների և առանց պատկան մարմինների հետ համաձայնեցման: «Մեր կողմից միանշանակ հստակ նշվել է, որ դա գովազդ է, և պետք է օրենքով սահմանված կարգով հարկ վճարվի, տուրք վճարվի գովազդի համար»,-չի ժխտում Վանաձորի ճարտարապետը: Բայց թաքցնում է, որ երկու տարի քաղաքի կենտրոնական փողոցում ապօրինի գովազդ է թույլատրել: Նրա խոսքով՝ միայն 2014 թվականի ամռանն է իր կողմից հայտնաբերվել նշված գովազդը, որից հետո, նրա ասելով, դրա վերաբերյալ վարչական վարույթ է սկսվել քաղաքապետարանում: «Անցնելուց ես ինքս նկատել եմ, եկա ստուգեցի՝ ձևակերպում ունի, թե չէ, տեսա, որ չունի ձևակերպում: Ես նկատել եմ 2014-ի ամռան ամիսներին, չեմ հիշում որ ամիսը՝ հունիս կամ հուլիս, բայց էդ ժամանակ եմ նկատել, մինչև էդ ես չեմ նկատել, ահազանգ չենք ունեցել»,-մեզ հետ զրույցում նշեց ճարտարապետ Տիգրան Պապանյանը:
Մինչդեռ, ըստ փաստաթղթերի, բնակչի կողմից ապօրինի գովազդի մասին քաղաքապետին ուղղված առաջին գրությունը եղել է 2012 մարտի 16-ին, որին պատասխան է ներկայացվել նույն՝ ճարտարապետ Տիգրան Պապանյանի կողմից՝ նշելով, թե սեփականատերը գրավոր նախազգուշացված է գովազդային պաստառները սեղմ ժամկետներում ապամոնտաժելու մասին:
Ադրինե Թորոսյան