«Բախտաբեր» հեռուստասերիալի սաունդթրեքի սկանդալը մասամբ հարթված է, Մերի Հակոբյանն էլ՝ բավարարված
Lifestyle
ESem.am-ն առաջինն էր, որ անդրադարձավ «Բախտաբեր» հեռուստասերիալի շուրջ առաջացած սկանդալին: Եթե մինչ հրապարակումը վիճաբանության երկու կողմն էլ կցկտուր տեղեկություններ հաղորդեցին, ապա դրանից հետո նրանք որոշեցին խոսել, ու նրանցից յուրաքանչյուրը փորձեց յուրովի ճիշտ ու «պարզերես դուրս գալ»:
Վերոնշյալ հեռուստասերիալի սցենարիստ Անահիտ Մխիթարյանը ESem.am-ին տված պարզաբանմամբ հայտնեց հետևյալը. «Երգն ինձ ուղարկել է Ռիչարդ Մադլենյանը` կրկներգն արդեն գրված: Նման դեպքեր լինում են, երբ Ռիչարդն ինձ երգն ուղարկում է արդեն կրկներգից մի քանի բառ կամ տող գրված: Այս անգամ էլ այդպես եղավ, և ես չեմ հարցրել, ու ինձ էլ չի ասվել, որ Մերի Հակոբյանն է գրել կրկներգը: Ես ենթադրել եմ, որ դա գրել է Ռիչարդը, և գրել եմ մնացածը: Այսքան բան»:

Հիշեցնենք, որ այդ հեռուստանովելի համանուն սաունդթրեքի խոսքերի հեղինակային իրավունքի համար մղվող վեճը պարզաբանելիս մեզ հետ ունեցած գրավոր երկխոսության ժամանակ սերիալի սցենարիստ Անահիտ Մխիթարյանը նշել էր, որ չի ճանաչում Մերի Հակոբյանին և որ երգի խոսքերի հեղինակն ինքն է: Երգահան Ռիչարդ Մադլենյանն էլ պնդել էր, թե երեքով են հեղինակել այդ երգը:
Մեր հրապարակումից հետո երգի կատարող Արման Թովմասյանի պրոդյուսեր Դավիթ Ազարյանը (հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում ինքն էլ վստահեցրել էր, թե Մերի Հակոբյանի անունը որպես համահեղինակ չգրելը տեսահոլովակը նկարահանող ռեժիսորի սխալն է եղել), արձագանքելով ասաց. «Կուզենայի մի փոքր մեկնաբանել երգի խոսքերի համահեղինակ Մերի Հակոբյանի, մեղմ ասած, անբացատրելի վարքագիծը, ով ամեն կերպ պահանջում է տեսահոլովակը հեռացնել YouTube-ից, ինչն, իհարկե, մենք չենք պատրաստվում անել: Ընդունում եմ, որ նախապես եղել է փոքրիկ վրիպում՝ այն իմաստով, որ նրա անունը չի նշվել որպես խոսքերի համահեղինակ, սակայն մենք օգտագործում ենք բոլոր հնարավոր տարբերակները այդ վրիպումը ուղղելու համար, այն է՝ նրա անունը կնշվի որպես խոսքերի համահեղինակ յուրաքանչյուր հեռուստաընկերության եթերում, ով կհեռարձակի այս տեսահոլովակը: Պատրաստակամ ենք նրան հյուրընկալել այս երգի հետ կապված ցանկացած հաղորդման և միջոցառման, ինչի հետ կապված նույնպես դրական արձագանք չստացանք նրա կողմից: Որպես վերջաբան ավելացնեմ. ցանկացած ստեղծագործող անհատի համար, ըստ իս, ամենամեծ ձեռքբերումն այն է, երբ աշխատանքդ և տաղանդդ գնահատվում են հանդիսատեսի կողմից: Կարծում եմ՝ խելամիտ չէր այսքան մեծ սկանդալ բարձրացնել այս հարցի շուրջ այն դեպքում, երբ երգը սիրվեց ու գնահատվեց հանդիսատեսի կողմից: Դրա փոխարեն պետք է ուրախանալ երգի հաջողություններով»:
Շարունակությունը՝ այստեղ: