Արվեստի տարբեր ճյուղեր միավորող «Արտ Ֆեստ» փառատոնը հատեց եզրագիծը
Культура«Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնը հատեց եզրագիծը: Հունիսի 11-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում անցկացվեց արվեստի տարբեր ճյուղերը մեկ հարկի տակ միավորող փառատոնի մրցանակաբաշխությունը:
Փառատոնի հիմնադիր-տնօրեն Էրիկ Բարսեղյանը նշեց, որ գոհ է կատարած աշխատանքից:
«Կարծում եմ, որ փառատոնն այս տարի բոլոր առումներով կազմակերպված էր: Մասնակիցների առատությունն ապացուցեց, որ փառատոնն իսկապես կարողացավ հայաստանյան մշակութային կյանքում դառնալ սիրելի ու սպասված: Հիանալի երիտասարդություն ունենք, հիանալի սերունդ, ժյուրին բազում աշխատանքներ հավանեց»,- ընդգծեց Էրիկ Բարսեղյանը:
ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն էլ հավաստեց, որ յուրաքանչյուր տարի փառատոնը ընդլայնում է մասնակիցների շրջանակը:
«Մեր նպատակն է մշակութաստեղծ երիտասարդության լայն զանգվածներին խրախուսել, նրանց համար հարթակներ տրամադրել, տեսնել, թե ինչ աշխատանքներ են իրականացնում: Հենց այսպիսի փառատոններում են ձևավորվում մեր ապագա վարպետները: Փառատոնը լավ կազմակերպված է, լավ արձագանքներ կան, մենք հետևում ենք փառատոնին»,- նկատեց Արթուր Պողոսյանը:
Հագուստի մոդելավորման անվանակարգում գլխավոր՝ Ոսկե մրցանակը հանձնվեց Ժոզեֆինա Մուսախանյանին՝ «Քարահունջի քրմուհիները» հավաքածուի համար: Երգարվեստի գլխավոր՝ Ոսկե մրցանակը հանձնվեց Աննա Ղազարյանին: Լավագույն դերասաններ ճանաչվեցին Վահան Միրաքյանը և Սամվել Թադևոսյանը, ովքեր նույնպես ստացան Ոսկե մրցանակներ: Թատերարվեստի անվանակարգում Ոսկե մրցանակը ստացավ Միլենա Ավանեսյանը: Լավագույն բեմադրության համար Ոսկե մրցանակներ ստացան Նարինե Գրիգորյանը և Արման Նավասարդյանը: Արմեն Մազմանյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ բեմադր իչ Դավիթ Հարությունյանը:
Կինոարվեստի անվանակարգում գլխավոր մրցանակը բաժին հասավ երկու հեղինակի. Ոսկե մրցանակների արժանացան Անդրանիկ Հարությունյանը և Արեն Մաղաքյանը:
«Կերպարվեստ» անվանակարգում առաջին մրցանակ չշնորհվեց: Լուսանկարչության անվանակարգում Ոսկե մրցանակ ստացավ Արմինե Եփրեմյանը: «Գրաֆիկա» անվանակարգում էլ հաղթեց Յոնա Գևորգյանը: Դեկորատիվ կիրառական արվեստի անվանակարգում գլխավոր մրցանակը բաժին հասավ Արմեն Հակոբյանի: «Դիզայն» անվանակագում հաղթեց Սոնա Թարխանյանը: Հանձնվեցին նաև մի քանի տասնյակ այլ` արծաթե, բրոնզե և հատուկ մրցանակներ: «Արտ Ֆեստ»-ի մասնակիցներին ողջունելու էր եկել «Կարին» ավանդական երգի և պարի համույթը:
ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ կարևորելով երիտասարդ արվեստագետների ստեղծագործական ներուժը, ինքնադրսևորվելու անհրաժեշտությունը, մայրաքաղաք-մարզեր միջմշակութային համագործակցութունը, կազմակերպեցին ամենամյա «Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնը՝ «Մեկ տանիքի ներքո խորագրով»։ Մայիսի 11-ից հունիսի 11-ն անցկացվող «Արտ Ֆեստ»-ի նպատակն էր խթանել երիտասարդական ստեղծագործական մթնոլորտի զարգացումը, ընդլայնել մասնագիտական համագործակության շրջանակը, փորձի փոխանակման արդյունքում կատարելագործել երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունները, բացահայտել նոր անուններ և տարվա ստեղծագործական ձեռքբերումները: Փառատոնը ներկայացուցչական-մրցութային բնույթի է, որին մասնակցում են 16-35 տարեկան անհատներ և ստեղծագործական խմբեր: «Արտ Ֆեստ» փառատոնի աջակիցն է Երևանի քաղաքապետարանը: