Ատոմակայանի չաշխատելու փաստն ուղղակի աբսուրդի հասնող հիմնավորում է. «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյան
ИнтервьюԱզգային ժողովում էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ լսումները կրում են ձևական բնույթ: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը: Ըստ Վաղինակ Շուշանյանի՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ որոշումը դեռ ամենասկզբից կար, ու դա ոչ թե քննարկումների ու վերլուծությունների արդյունքում ընդունված որոշում է, այլ պատվեր:
Մեկնաբանելով հանրային քննարկումներ չլինելու փաստը՝ Վաղինակ Շուշանյանն ասաց. «Դա պայմանավորված է իրենց ներքին խուճապով: Վախեցան, որ կարող է հանրության մի ստվար զանգված մտնի լսումների դահլիճ, և այլևս չհանդուրժելով իրենց գոյությունն ու բարբաջանքները` ձեռքի տակ ընկածը խփի գլխներին»:
Խոսելով հետագա քայլերի մասին՝ Շուշանյանը նշեց, որ պայքարելու են Սահմանադրությամբ ու օրենքով հատկացված իրավունքով. «Եթե որոշում չլինի` իրենց ու բոլորիս համար լավ, իսկ եթե, Աստված չանի, հաստատեն այդ ապօրինի որոշումը` իրենց համար վատ: Մենք դա ընդունող ու հանդուրժողը չենք»:
Անդրադառնալով «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հնչեցրած վերջին հայտարարությանը, որում ասվում էր, որ էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա 6.8-7 դրամով՝ հիմնավորելով սակավաջրությամբ ու ատոմակայանի 88 օր չաշխատելով, Վաղինակ Շուշանյանը նշեց. «Սա առաջին հերթին պաշտոնական դիրքի չարաշահման խնդիր է, որովհետև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը լսումներ չի անցկացրել, որոշում չի կայացրել, բայց դրանից 10-15 օր առաջ Ռոբերտ Նազարյանը հայտարարում է, որ թանկանալու է: Սա վերևից իջած քաղաքական որոշում էր, ոչ թե հանրության շահերի համար ներկայացված որոշում, որը հետազոտել էր ՀԷՑ-ի ներկայացրած հայտը»:
Վաղինակ Շուշանյանը նշեց, որ նույն հիմնավորումը դեռևս բերվել էր անցած տարի, որը, ըստ ակտիվիստի, աբսուրդ է. «Եթե մտածում են նույն հիմնավորումով ժողովրդին կարող են խաբել՝ նշանակում է նրանք հիշողության կորուստ ունեն կամ մտածում են՝ ժողովուրդը ունի հիշողության կորուստ: Դա հիմնավորում չէ, դեռևս անցած տարի դա հիմնավորում չէր: Եթե կանգնել էր ատոմակայանը վերագործարկելու նպատակով, ապա կուզեմ տեղեկացնել ու հիշեցնել, որ անցած տարի ոչ թե սակավաջրության տարի էր, այլ լիաջրության, որովհետև ամբողջ տարին ցրտոտ է եղել ու անձրևային: Այսինքն, մենք սակավաջրության խնդիր չունենք, այն էլ այն դեպքում, երբ Սևանի մակարդակը բավականին բարձրացել է: Այսինքն, կարող էին ջուր դուրս թողել ՀԷԿ-երը օգտագործելու համար: Ունենք հողմակայաններ. թող դրանք աշխատեցնեն: Ատոմակայանի չաշխատելու փաստը ուղղակի աբսուրդի հասնող հիմնավորում է»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում Հայաստանի էլեկտրական ցանցերի՝ հոսանքի թանկացման հայտի վերաբերյալ խորհրդարանական լսումները տեղի կունենան հունիսի 12-ին, ժամը 12:00-ին:
Անժելա Պողոսյան