Անժելա Սարգսյանը՝ դստեր հետ, «Վիտամինցի» Գարիկն ու այլք «Ջազզվե»-ում վայելեցին Արամ MP3-ի անմոռանալի համերգը
LifestyleBlognews.am-ը գրում է.
Արամ MP3-ի մատուցմամբ հաճելի երաժշտություն, պարային ռիթմեր և ամառային ջերմ տրամադրություն. «Ջազզվե» սրճարանների ցանցում ամառային սեզոնն արդեն բացված է ու ամսվա ընթացքում առնվազն 4 անգամ հետաքրքիր համերգ է կազմակերպվում։
Օպերայի «Ջազզվեում» երևանցիները երեկ լիարժեք լիցքաթափվելու հնարավորություն ունեին։ Արամ MP3-ի համերգի ժամանակ սրճարանի լեփ-լեցուն սրահում մարդիկ պարում էին, ուրախանում ու ձայնակցում երգչին։ Համերգի ժամանակ Արամին նվագակցեցին «Վիտամինցի» Գարիկը, Միքայել Ոսկանյանը, ովքեր եկել էին ոչ միայն ելույթ ունենալու, այլև իրենց ընկերոջը լսելու։ Արամի մատուցած երաժշտությունը վայելելու էր եկել նաև Անժելա Սարգսյանը՝ դստեր հետ։
«Երբ համերգը բացօթյա է լինում, մարդիկ մի քիչ դժվար են տաքանում, այդ իսկ պատճառով, համերգի երկրորդ մասի ժամանակ մարդիկ ավելի ակտիվ էին։ Ռեպերտուարն ընտրելիս հաշվի եմ առնում, որպեսզի մարդիկ աշխուժանան, սակայն դա միակ սկզբունքը չէ։ Առաջին բաժնում ներառում եմ երգեր, որոնք նոր են և ճաշակով, երկրորդ հատվածում ընտրում եմ ավելի ակտիվ երգեր»,- BlogNews.am-ի հետ զրույցում ասաց Արամը, ում համերգի ավարտին հանդիսատեսն ուղղակի «բաց չէր թողնում»։) «Այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել» երգը ներկաները երգեցին Արամին հավասար ու արժանացան նրա դրական գնահատականին՝ «Ապրեք, ես գոհ եմ:)»։
Հանդիսատեսն այնպես էր ուրախանում, որ երաժիշտը վերջին երգը ներկայացնելուց հետո ստիպված էր ևս մի երգ կատարել ու հեռանալ նրանց ոգևորված ու հիացական ծափահարությունների ներքո։
«Ջազզվե» սրճարանների ցանցի մարքեթինգի բաժնի ղեկավար Սիլվա Ղամբարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախորդ տարի Արամը կրկին համերգ է ունեցել իրենց մոտ, որը ևս շատ լավ է անցել։ «Արամին շատ են սիրում, մենք էլ սիրով համագործակցում ենք նրա հետ։ Այս սեզոնին սա երկրորդ ամառային համերգն է. նման երեկոները շարունակական են լինելու, անակնկալներն առջևում են, այնպես որ, «Ջազզվեի» հաճախորդները կարող են հետևել մեր պաշտոնական կայքին և իմանալ՝ ով է լինելու հաջորդ հյուրը։ Ամռանը 1 ամսվա ընթացքում առնվազն 4 համերգ ենք ունենալու»,- հայտնեց Սիլվան՝ հավելելով, որ իրենք շեշտը դնում են որակով, լավ երաժշտություն մատուցելու վրա։
«Փորձելու ենք համագործակցել նաև նոր մարդկանց հետ։ Առաջնայինը ոչ թե նրանց հայտնի լինելն է, այլ որակով երաժշտություն ներկայացնելը։ «Ջազզվե լաունջը» այն վայրն է, ուր այցելելով՝ հաճախորդները կարող են անցկացնել լավ ժամանակ՝ հաճելի, բարի մթնելորտում»,- ավելացրեց նա։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի