Քրեական նոր օրենսգրքում թույլ չի տրվի ազատազրկում պատժատեսակի լայն կիրառումը Հայաստանում
ОбществоՀայ իրավաբանների մասնագիտական աշխատանքային խումբն, ամենայն հավանականությամբ, մինչև աշուն ՀՀ արդարադատության նախարարություն կներկայացնի Քրեական նոր օրենսգրքի նախագիծ: «Նոր օրենսգրքում, ինչպես նաև քրեական արդարադատության ոլորտ ում բարեփոխումներ ենթադրող այլ ակտերում, ներդրվել է ազատության կանխավարկածի լիարժեք պաշտպանության գաղափարը. այսինքն` մարդուն ազա տությունից զրկելն իրավաչափ է համարվում, եթե որևէ այլ եղանակով հնարավոր չէ հասնել առաջադրված նպատակներին»,- նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը` ներկայացնելով Քրեական նոր օրենսգրքի հայեցակարգային դրույթները:
Նոր օրենսգրքի հայեցակարգը հաստատվել է հունիսի 4-ին` ՀՀ կառավարության որոշմամբ: Ստեղծվել է հատուկ մասնագիտական աշխատանքային խումբ` ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանի ղեկավարությամբ: «Կարևոր սկզբունքային հարցեր են միջազգային իրավունքի հետ համապատասխանելիության ապահովումը, պատժի համակարգի կատարելագործումը և ընդլայնումն այլընտրանքային պատժատեսակներով: Մասնավորապես, փորձ է արվելու թույլ չտալ ազատազրկում պատժատեսակի լայն կիրառումը»,- հավելեց նա:
Հայաստանում ազատազրկում է նշանակվում հանցագործությունների 70-78 տոկոս դեպքերում, մինչդեռ այլ երկրներում այլընտրանքային պատժատեսակներն են ավելի մեծ բաժին կազմում նշանակված պատիժներից: Օրինակ, Ճապոնիայում նշանակված պատիժների 95 տոկոսը տուգանքն է, եվրոպական երկրներում այլընտրանքային պատժատեսակները 70-80 տոկոս են:
«Նոր քրեական օրենսգիրք ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված էր գործող Քրեական օրենսգրքում առկա բազմաթիվ թերություններով և հայեցակարգային անճշտություններով, որոնք բացահայտվել էին այդ օրենսգրքի կիրառման տարիների ընթացքում: Այդ թերությունները շտկելու նպատակով էլ ձեռնարկվեցին նոր քրեական օրենսգքրի նախապատրաստման աշխատանքները»,- նշեց Գաբուզյանը:
Իրավաբանի փոխանցմամբ` նոր նախագծի հիմնական հայեցակարգային ուղղություններից են հանցագործության արարքի և այդ արարքը գործած անձի հայեցակարգերի համամասնության պահպանումը, մեղքի պատասխանատվության սկզբունքի փոփոխությունը և իրավական որոշակիության և հստակության ապահովումը:
Մանսավորապես`ՀՀ գործող օրենսգիրքը հիմնված է արարքի հայեցակարգի վրա, որը ենթադրում է, որ ինչքան մեծ վնաս է պատճառվել, այնքան պատիժը պետք է խիստ լինի: «Սակայն այս հայեցակարգը անտեսում է հանցանք կատարած անձնական հատկանիշները, հանցագործության շարժառիթները, նպատակները: Աշխարհի երկրների մեծ մասը զուգակցում են երկու հայեցակարգ` արարքի և անձի: Նոր քրեական օրենսգրքի նախագծում փորձել են պահպանել այս համամասնությունը, որ քրեաիրավական ինստիտուտների և քրեաիրավական նորմերի կիրառմանը վերաբերող շատ հարցեր հնարավոր լինի լուծել ոչ միայն արարքի, այլև անձի հայեցակարգի հիման վրա»,- բացատրեց Արա Գաբուզյանը:
Մյուս փոփոխությունը կատարվել է մեղքի պատասխանատվության սկզբունքի ոլորտում, որը գործող քրեական օրենսգրքի կարգավորումների հետևանքով հաճախ չի ապահովվել պրակտիկայում: ՀՀ քրեական օրենսգիրքը հիմնվում է հռոմեական իրավունքից եկած դասական դրույթի վրա, որի համաձայն` օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից: Սակայն աշխարհի զարգացած երկրներում դա կարծրացրած սկզբունք չէ. որոշ դեպքերում օրենքի չիմացությունը կարող է ազատել քրեական պատասխանատվությունից: Նոր օրենսգրքի նախագծում փորձում է արվում սա արմատավորել նաև Հայաստանում :
Իրավակիրար պրակտիկան ցույց է տվել նաև, որ գործող քրեական օրենսգիրքը շատ դեպքերում չի ապահովում իրավական որոշակիություն և հստակություն: Ինչը նշանակում է, որ հանցագործությունների ձևակերպումները, նկարագրությունները հաճախ տարբեր մեկնաբանությունների տեղիք են տալիս: «Փորձելու ենք լրացնել օրենքի այս թերությունը»,- վստահեցրեց աշխատանքային խմբի ղեկավարը:
Քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքները սկսվել են 2014 թվականից: Այդ նպատակով ուսումնասիրվել է եվրոպական երկրների, ԱՄՆ, Կանադա, ԱՊՀ անդամ պետությունների փորձը: