Բիբինի նման մարդն արհամարհած ունի մեր օրենսդիր մարմնին. պատգամավորների պատասխանը ՀԷՑ-ի տնօրենին չի ուշանա
ПолитикаՀՀ Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի սակագնի անհիմն բարձրացման վերաբերյալ անցկացված բաց լսումներին ՀԷՑ-ի տնօրեն Բիբինի չներկայանալն օրենսդիր մարմին մեծ դժգոհության ալիք բարձրացրեց առաջին հերթին պատգամավորիների եւ հետո արդեն հասարակության լայն շերտի մոտ:
Իրեն «Ցարի բոգ» զգացող Բիբինի պահվածքն, իհարկե, խոսում էր մեկ բանի մասին. վերջինս արհամարհած ունի անգամ Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմինն ու նրա ներկայացուցիչներին:
Orer.am-ը, զրուցելով տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ, իր ընթերցողներին է ներկայացնում քաղաքական տարբեր բեւեռներում գտնվող ուժերի ներկայացուցիչների տեսակետներն ու արձագանքները՝ «բիբինյան» սանձարձակ պահվածքի վերաբերյալ.
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյան.
-Մենք մեր երկրում ունենք մի իրավիճակ, երբ Բիբինի նման մարդն ընդհանրապես արհամարհած ունի երկրի կարեւորագույն` օրենսդրական մարմինը: Այս պարագայում ինչպե՞ս կարելի է խոսել մեր երկրի անկախության եւ ինքնուրույնության մասին, եթե ռուսական ընկերության ղեկավարն այդպես է վերաբերվում ԱԺ-ում քննարկվող հարցին, որն ուղիղ առնչություն ունի իր ընկերության հետ: Ասեմ, որ նա վստահ է, որ իր այս քայլի համար նա չի տուժելու եւ պատասխանատվության էլ չի ենթարկվելու: Այդ իսկ պատճառով նա իրեն պահում է այնպես, ինչպես ուզում է, չէ՞ որ նրա թիկունքում գերտերություն է կանգնած:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյան.
-Մենք չենք կարող պարտադրել, որ նա ապահովի իր ներկայությունը, սակայն ես կարծում եմ, որ քննարկումների այս թեժ մթնոլորտում պարկեշտություն կլիներ Բիբինի կողմից ներկայանալ եւ խոսել առկա խնդիրների մասին: Որպես բարի կամքի դրսեւորում՝ նա պարտավոր էր ժամանակ գտնել եւ ներկայանալ ՀՀ Ազգային ժողով: Արհամարհանք էր նրա այս քայլը, թե այլ բան, չեմ կարող ասել: Մեր պատասխան քայլը Բիբինին ԱԺ-ում հնչեցված հարցերն են: Կարծում եմ, որ կառավարությունը պետք է մտածի այս անբարտունակ կազմակերպությունից ազատվելու մասին: Ի վերջո՝ այս մասին պետք է մտածել, քանի որ մենք չենք կարող ամեն տարի հայտնվել այսպիսի անկանխատեսելի իրավիճակում եւ հարցերի լուծման բեռը դնել ժողովրդի ուսերին: ՀՀ կառավարությունը պարտավոր է այնպիսի մեխանիզմներ մշակել, որ մենք այս իրավիճակից դուրս գանք: Ես գրեթե վստահ եմ, որ այս ընկերությունն արդյունավետ կառավարում չի կարողանալու իրականացնել:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայան.
-Բիբինը պետք է բարի լիներ եւ գար Ազգային ժողով՝ բոլոր հարցերի պատասխանները ստանալու, ինչպես նաեւ մեր հարցերին պատասխանելու համար: Այո՛, նրա այս քայլը կարելի է նաեւ արհամարհանք համարել:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյան.
-Ի՞նչ է նշանակում նա բոլոր հարցերի պատասխանները տվել է իր հայտարարություններում. նա պարտավոր էր գալ եւ պատասխանել մեր հուզող բոլոր հարցերին: Ես սա արհամարհանք եմ համարում: Մենք այս քայլից համապատասխան եզրակացություններ կանենք ու արժանի պատասխան կտանք Բիբինին:
Սոսե Չանդոյան