Վերջ սարսափին. Նիգերիայում արգելել են կանանց թլպատումը
LifestyleՆիգերիան վերջապես որոշել է հրաժեշտ տալ իր անցյալի բարբարոսական ավանդույթներին: Օրերս այդ երկրում ընդունվել է կանանց թլպատումն արգելող երկար սպասված օրինագիծը: Կանացի այդ անմարդկային ավանդույթը տարածված է Աֆրիկա մայրցամաքում ու Ասիայի որոշ շրջաններում, հատկապես իսլամադավան երկրներում: Թեև Ղուրանում ոչ մի խոսք չկա այդ դաժան ավանդույթի մասին, կանացի թլպատման ավանդույթը արմատներով հեռանում է մինչիսլամական անցյալը: Առաջին անգամ դրա մասին հիշատակվել է Հին Եգիպտոսի ձեռագրերում: Ներկայում աշխարհում կան ավելի քան 130 մլն աղջիկ ու կին, որոնք խեղվել են այդ ծեսի հետևանքով:

Մայիսի 5-ին Նիգերիայի Սենատը հավանություն է տվել թլպատումն արգելող սովորույթին, իսկ երկրի նախագահը այն ստորագրել է 2 շաբաթ անց: Դա եղել է Ջոնաթան Գուդլաքի վերջին իրավական որոշումը երկրի նախագահի պաշտոնում: Մայիսի 29-ին նրան այդ պաշտոնում փոխարինեց Մուհամմեդ Բոհարին:

Այդ օրենքի ընդունումը մեծ աջակցություն էր ստացել հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ողջունել էր Նիգերիայի կառավարության նախաձեռնությունը: Ամենասարսափելին այն էր, որ թլպատումն իրականացվում էր փոքր հասակում, իսկ դրա հետևանքները կանանց տանջում էին ամբողջ կյանքի ընթացքում:
