Արտաքին քաղաքական հարաբերություններում իրավիճակը բավական բարդ է. Արտակ Զաքարյան
Интервью«Արտաքին քաղաքական հարաբերություններում իրավիճակը բավական բարդ է եւ գնալով դրանում ավելի է մեծանում հավասարակշռված եւ բազմակողմ քաղաքականության անհրաժեշտությունը»,-այս մասին Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Ըստ պատգամավորի՝ արտաքին հարաբերություններում իրավիճակը բարդացնում են այն հակամարտությունները, հակասությունները, որոնք խորանում են արտաքին քաղաքականության մեջ. «Բարդացնում են տեռորիստական դրսեւորումները մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, այս ամենի հետ մեկտեղ բարդացնում է նաեւ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումները, ինչպես նաեւ օբյեկտիվ տարբեր իրավիճակներ, որոնք պարբերաբար առաջանում են արտաքին քաղաքական հարթակներում»:
Սակայն հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքի վրա. «Առաջին հերթին մենք պետք է արտաքին քաղաքականության միջավայրում շարունակենք խորացնել եւ ամրապնդել մեր անվտանգության երաշխիքները, պետք է շարունակենք հասկանալ ու ճիշտ գնահատել նոր ի հայտ եկող սպառնալիքների հնարավորությունները եւ, իհարկե, պետք է շարունակենք տնտեսական ինտեգրման գործընթացներն առաջ տանել»:
Հարցին, թե ԵՏՄ անդամակցությունը քաղաքական առումով ինչի առաջ կանգնեցրեց Հայաստանին, արդյոք անդամակցումից հետո չեն սրվել մեր երկրի հարաբերություններն Արեւմուտքի հետ եւ երկիրն ավելի խոցելի չի դարձել, Արտակ Զաքարյանը պատասխանեց.
«Մենք խոցելի չենք դարձել, ընդհակառակը՝ տնտեսական առումով ունենք արդեն լայն հնարավորություն: Ցավոք, այդ հնարավորություններն այսօր որոշակի բարդություններ են ունենում` կապված աշխարհաքաղաքական զարգացումների հետ, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է ձեռնպահ մնանք ինտեգրման գործընթացներից:Մենք դրական առումով պետք է օգտագործենք բոլոր այն հնարավորությունները, որոնք խթան կհանդիսանան Հայաստանի տնտեսության համար:
ԵՏՄ անդամակցումը տնտեսական նշանակություն ունի, եւ դա մեզ քաղաքական առումով որեւէ բան չի տալիս Արեւմուտքի հետ հարաբերություններում, քանի որ դա Հայաստանի սուվերեն ընտրությունն է, եւ Հայաստանի Հանրապետության փոխարեն ոչ մի պետություն կամ կառույց իրավասու չէ որոշում կայացնել»:
Սոսե Չանդոյան