Արմինկա. «Նա այնպիսի անակնկալներ է մատուցել ինձ, որ ապշել եմ»
LifestyleBlogNews.am-ը գրում է.
BlogNews.am-ի օբյեկտիվում այս անգամ երգչուհի Արմինկան և նրա որդին՝ 6-ամյա Ալեքսն են։ Մեր գունավոր ֆոտոշարքն իրականացրինք «Նավասարդի ստուդիոյում», որտեղ Ալեքսը շատ արագ գտավ իրեն հետաքրքիր զբաղմունք և սկսեց նկարել։ Մինչ մանկապարտեզ գնալը նա հաճախել է նկարչության և հաճույքով գործի անցավ։ Արմինկան էլ, տեսնելով որդու ոգևորությունը, որոշեց, որ սեպտեմբերից որդին կհաճախի այս ստուդիա։

Երբ Ալեքսը ձեռքն առավ վրձինները, հետաքրքրվեցի՝ ինչ է ուզում նկարել, ասաց, որ պետք է մտածի։ Ի վերջո, նա նկարեց տարվա 4 եղանակները։ «Երբ Ալեքսը նոր էր սկսել խոսել, իրեն հարց էի տալիս, երբեք չէր ասում՝ չգիտեմ, ասում էր՝ մի րոպե մտածեմ»,- հիշեց մայրիկը՝ նշելով, որ դա հատուկ է որդուն։
Ալեքսը չասաց, թե ինչ է ուզում դառնալ։ «Դա գաղտնիք ա, նույնիսկ մամային, մորքուրին ու տատիկին չեմ ասել»,- շեշտեց նա։ Արմինկայից իմացանք, որ որդին շատ գաղտնապահ է. «Նա մորաքրոջ ու տատիկի հետ այնպիսի անակնկալներ է մատուցել ինձ, որ ապշել եմ՝ ինչպես է կարողացել այդ տարիքում օրերով այդպես պահպանել գաղտնիքը»։

Արմինկան ամեն բան անում է, որպեսզի որդու առօրյան հագեցած լինի. նա ունի բազմազան զբաղմունքներ։ Ալեքսն այժմ գնում է գիմնաստիկայի, անգլերենի, և լողի, սեպտեմբերից դպրոց է գնալու։
«Ես իր հետ միշտ հաշվի եմ նստում, թե ինչ պարապմունքների գնա, որպեսզի ամեն բան իր սրտով լինի։ Երբ Ալեքսին որևէ բան եմ առաջարկում, հաշվի եմ առնում նրա թե՛ մտավոր, թե՛ գեղարվեստական, թե՛ ֆիզիկական պատրաստվածությունը։ Նա էլ միշտ պատրաստակամ է հաճախում իր պարապմունքներին»,- նշեց երգչուհին։

Ֆոտոշարքն իրականացնելիս երգչուհին նշեց, որ որդին արտաքնապես նման է քրոջը՝ Լուսինե Նահապետյանին։ Ինչ վերաբերում է բնավորությանը՝ ըստ Արմինկայի՝ որդին իրենից ժառանգել է մաքսիմալիստ լինելը. «Նա ամեն բան փորձում է անել լավագույն կերպով։ Ունի պատասխանատվության մեծ զգացում։ Ես իրեն անընդհատ ոգևորում եմ, ասում եմ, որ միշտ պետք է փորձի անել ավելին»։
Մայրիկը ոգևորությամբ նշեց, որ Ալեքսը շատ բարի և հոգատար է։ «Երբ ինչ-որ տեղից գալիս ենք տուն և մեքենայում իրեր ունենք, նա պետք է անպայման օգնի բարձրացնել, բարձրանա դուռը բացի։ Շաբաթ կիրակի օրերին, երբ տանն է, հարդարում է իր անկողինը, ինքնուրույն հագնվում է, հարդարվում ու ոչ ոքի չի արթնացնու։ Շատ մաքրասեր ու կարգապահ է։ Դա ինձանից է ժառանգել, ես էլ՝ իր պապիկից»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, որ որդին տան միակ երեխան է, իսկ միակ երեխաներին ակամայից բնորոշ է լինում եսակենտրոնությունը, Արմինկան ասաց, որ որդին փոքրուց շատ շռայլ է։ «Ինչպես շատ երեխաներ, նա էլ մանկուց իր համար ստեղծել էր վիրտուալ ընկերներ, երբ ինչ-որ բան էի գնում իր համար, ասում էր՝ մամ, թա՞նկ ես վճարել, կարո՞ղ ես Արմենի համար էլ գնել, կամ տատիկին ասում էր՝ Արմենի համար էլ ճաշիկ դիր։ Ես փոքրուց իր մեջ սերմանել եմ, որ ամեն բան պետք է կարողանա կիսել, իրեն բացատրում էի, որ կան բալիկներ, ովքեր չունեն մամա, պապա, կամ նրանց ծնողները չեն կարող իրենց շատ բան թույլ տալ, և մենք պետք է մեր խաղալիքները կիսենք ուրիշ երեխաների հետ, քանի որ մենք շատ խաղալիք ունենք։ Ալեքսը չունի հարազատ քույր, եղբայր, բայց զարմուհիներիս երեխաների հետ շատ է շփվում։ Նա երեխաներից ամենամեծն է և հոգ է տանում բոլորի մասին, սիրով տրամադրում է իր խաղալիքները։ Հուսով եմ՝ այդպես էլ կշարունակվի»,- նշեց երգչուհին։








0
Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Ֆոտոշարքն իրականացվել է «Նավասարդի ստուդիոյում»