Հաղթանակ թաղամասը կրկին մթության մեջ էր. բնակիչները բողոքում են
ОбществоՀաղթանակ թաղամասում, կամ ինչպես շատերին է հայտնի 4-րդ գյուղում, կրկին լույս չկա: Orer.am-ի հետ զրույցում բնակիչներն ասացին, որ անջատումները լինում են ամեն օր.
«Հանկարծ երկինքը փռշտում ա, մեր լույսը տանում են: Եղանակից է կախված մեր լույս ունենալը, թեթև քամուց միանգամից անջատվում է: Հենց այս պահին էլ լույս չունենք` երեկվա ժամը 8-ից սկսած: Չենք դիմել ոչ մեկին, քանի որ գիտենք, որ ոչ մի դրական պատասխան չի լինելու: Հենց էնպես կլսեն ու վերջ: Հենց ժամանակին վարձը չենք վճարում, մի ժամ, երկու ժամ անցնում է, գալիս անջատում են, բայց հիմա ոչ մեկ չի երևում ու չեն էլ մտածում, որ մենք հոսանք չունենք: Հազար ու մի տեսակ բան կա, որ կապված է հոսանքի հետ ու փչանում է: Սառնարանում ինչ կա չկա փչացել է: Դեռ մի բան էլ թանկացնում են, փոխանակ նորմալ սպասարկեն». ասում է Հաղթանակ թաղամասի բնակիչներից մեկը:
Բնակչուհի Ելենա Բլեյանն էլ ավելացնում է. «Ամեն տատանումից անջատվում է, փոխանակ ենթակայանը սարքեն, էլի լարեր են անցկացնում: Ամեն անգամ նույն պատասխանն են տալիս՝ օդային մալուխները վնասված են»:
Orer.am-ը կապ հաստատեց Հաղթանակ թաղամասի տեղամասի պետ Աշոտ Հակոբյանի հետ, ով հերքեց, որ ամեն օր անջատումներ են լինում. «Ո'չ, այդպիսի բան չկա: Այս անգամ ուղղակի բարձր լարման վթար է եղել, որը կարելի է տարերային աղետ համարել: Մանրամասների համար դիմեք ՀԷՑ-ին»:
ՀԷՑ-ի ԶԼՄ կապերի պատասխանատու Զարուհի Թորիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին անջատումները կապված են եղանակի հետ: Աշխատանքներ են տարվում խնդիրները վերացնելու համար:
Սակայն բնակիչները նշում են, որ միշտ էլ անջատումներ եղել են ու ամեն անգամ տրվում է նույն պատասխանը՝ աշխատանքներ են տարվում խնդիրը վերացնելու համար, բայց խնդիրն այդպես էլ մնում է:
Անժելա Պողոսյան