Սիրիայի իշխանությունը չի ցանկանում, որ Սիրիայից անգամ մեկ հայ դուրս գա
ИнтервьюԻնչպես տեղեկացրել էինք, օրեր առաջ Սիրիայի Արաբական Հանրապետությունում տեղի է ունեցել Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հանդիպումը: Հանդիպումը եղել է երկրի նախագահ Ասադի, խորհդարանի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի, ինչպես նաեւ հոգեւոր առաջնորդի հետ:
Orer.am-ի հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը նշեց, որ հանդիպման ժամանակ բարձրացվել են սիրիահայերի առաջ ծառացած խնդիրները եւ դրանց կանխարգելման եւ լուծման հնարավոր մեթոդները.
«Մեր այցելության հիմնական նպատակներից մեկը մեր հայրենակիցների հոգսերի ու խնդիրների մասին տեղեկանալն էր: Պետք է նշեմ, որ սիրիահայ համայնքն այսօր բավական ծանր վիճակում է. օր առաջ պետք է խնդիրներին լուծում տալու տարբերակներ գտնենք, ինչին էլ միտված է մեր հայրենի կառավարության քայլերը: Մենք այնտեղ ունենք հայրենակիցներ, ովքեր լավատեսությամբ համակված մտածում են, թե մոտ է խաղաղություն հաստատելու բաղձալի վայրկյանը: Մարդիկ պարզապես չեն ցանկանում իրենց տնից կտրվել, սակայն պետք է նկատենք, որ խաղաղության հաստատումը երաշխավորված չէ: Ինչպես հանդիպման ժամանակ Սիրիայի ղեկավարությունն էր բնութագրում, Սիրիան գտնվում է ահաբեկչական գործողությունների կիզակետում, եւ այն հովանավորվում է մի շարք պետությունների կողմից: Այս ամենի հիմնական մեղավոր սիրիացիները համարում են Թուրքիային: Գիտեք, որ ահաբեկիչները Սիրիա են ներթափանցում հենց Թուրքիայից: Ամենասարսափելին այն է, որ Սիրիայի նավթահորերը գտնվում են ահաբեկիչների ձեռքերում, որոնք էլ ջրի գնով նավթ են վաճառում Թուրքիային եւ դրա դիմաց զենք գնում»:
Նա նաեւ հավելեց, որ Սիրիայի իշխանությունները չեն ցանկանում, որ Սիրիայից անգամ մեկ հայ հեռանա. «Սիրիահայերի մի մասը եկել և բնակվում է այստեղ ու արտոնյալ պայմաններ է ստացել, սակայն Սիրիայի իշխանությունները չեն ցանկանում, որ այնտեղից որեւէ հայ դուրս գա, նրանք նույնպես ինչ որ տեղ լավատեսություն ունեն, որ մոտ ապագայում այդ ամենը կդադարի, սակայն ամեն ինչ շատ անկանխատեսելի է:
Տեղի թե՛ իշխանությունները, թե՛ բնակիչները հայ ժողովրդին պաշտամունքին ձգտող վերաբերմունք են ցուցաբերում: Պետք է երախտիքով ասեմ, որ ոչ միայն նրանց հոգեւոր առաջնորդը, այլ նաեւ Սիրիայի նախագահը եւ բարձրաստիճան բոլոր ղեկավարները չափից դուրս բարյացակամ էին նաեւ մեր հանդեպ, նրանք մեզ անգամ ասում էին՝ բարով եք եկել ձեր երկրորդ հայրենիք»:
Սոսե Չանդոյան