Իշխանությունը հաշվի կնստի Ազատության հրապարակում հավաքվածների հետ, եթե…
Интервью«Ո’չ թալանին» նախաձեռնության անդամները երեկ երեկոյան ժամը 19.00-ից մինչ այս պահը գտնվում են Ազատության հրապարակում: Հիշեցնենք, որ նստացույց իրականացնող անձնաց պահանջը մեկն է ու հստակ` ՀՀ քաղաքացիները դեմ են էլեկտրաէներգիայի սակագնի ապօրինի թանկացմանը. վերջիններս իշխանություններից պահանջում են հաշվի նստել առանց այդ էլ սոցիալական ծանր վիճակում գտնվող հանրության հետ եւ չբարձրացնել հոսանքի գինը:
Թեպետ ակցիայի մասնակիցներն իշխանություններին տվեցին երկու օր ժամանակ, սակայն հարկ է նշել, որ որեւէ արձագանք՝ պատասխանի տեսքով, մինչ այս պահը չի հնչել:
Թե արդյոք իշխանությունները հաշվի կնստեն ոտքի կագնած հանրության հետ, իսկ ակցիայի մասնակիցներն էլ կհասնեն իրենց նպատակին, Orer.am-ը ճշտեց էլեկտրաէներգիայի սակագնի դեմ ակտիվ պայքար տանող, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանից.
«Մասնակից լինելով առաջին եւ դրանից հետո բոլոր երթերին՝ կարող եմ ասել, որ ես զգացել եմ այն ներուժը, որը գոյություն ունի: Իրականում դա նյարդերի պատերազմ է: Եթե տղաներն ու մասնակիցները ամուր եղան, իսկ ես հուսով եմ, որ այդպես կլինի, ապա, անշուշտ, իրենք կհաղթեն:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե իշխանությունները հաշվի կնստեն Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի հետ, ասեմ` իշխանությունն ամենակարող չէ: Եթե իշխանությունը զգա, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից` նա կգնա այդ քայլին»:
Իսկ այն հարցին, թե ինչու են քաղաքական ուժերն այս կարեւոր պայքարում հայտնվել լուսանցքում, քաղաքագետը պատասխանեց.
«Ընդհանրապես նմանատիպ հանրահավաքների եւ ակցիաների կազմակերպիչները պետք է լինեին քաղաքական ուժերը, բայց քանի որ իրենք իրենց ֆունկցիաները չեն կատարում, ստիպված քաղաքացիական խմբերն են իրենց ձեռքը վերցնում այս գործի իրականացումը: Հենց դա է այն իրական պատճառը, որ քաղաքական ուժերը հայտնվել են լուսանցքում»:
Սոսե Չանդոյան