Արցախում հանգստանալը գրավիչ է դառնում արտերկրում ապրող հայերի համար
ОбществоԲազմաթիվ հայեր արձագանքել են Արցախում հանգստանալու «Արցախ» հայրենակցական միության կոչին և առաջիկայում իրենց ամառային հանգստի մի մասը կանցկացնեն Լեռնային Ղարաբաղում: Արցախում հանգստանալու համար սեփական մեքենաներով ՌԴ-ից, Ուկրաինայից և Հայաստանից բազմաթիվ հայեր ժամանել են Արցախ: «Արցախ» հայրենակցական միության նախաձեռնությամբ հունիսի 22-ին այդ ընտանիքները ավտոերթով Երևանից ժամանեցին Արցախ:
Քարվաճառում շուրջ 200 ավտոմեքենաներից բաղկացած շարասյանը աղ ու հացով ու «Ազատ Արցախը ողջունում է ձեզ», «Մենք ձեզ շատ ենք կարոտում» ու այլ գրություններով տարբեր պաստառներով դիմավորեցին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանը, բազմաթիվ արցախցիներ:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, ողջունելով բոլորին, հատուկ շնորհակալություն հայտնեց «Արցախ» հայրենակցական միությանը՝ ի դեմս նախագահ Վարուժան Գրիգորյանի, նման նախաձեռնության համար: Արայիկ Հարությունյանը մասնավորապես նշեց, որ այդ նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի Արցախի ու Արցախից դուրս ապրող ծագումով արցախցիների համար: «Նախ սա հնարավորություն է տալիս յուրաքանչյուր արցախցու գոնե տարին մեկ անգամ լինել Արցախում և ապրել իր հայրենակիցների հետ: Կապեք ձեր երեխաներին ու թոռներին ձեր հայրենիքի հետ, որպեսզի նրանք չկորցնեն իրենց ինքնությունը, այդպես նաև մեծապես կաջակցեք Արցախի շենացմանը»,- նշեց Հարությունյանը:
Նա հատուկ ընդգծեց, որ այս նախաձեռնությունն ունի նաև տնտեսական բաղադրիչ Արցախի համար, սակայն ամենակարևորը արցախցիներին իրենց պատմական հայրենիքի հետ կապեն է: «այս առաքելության առաջին նպատակը դա է: Տնտեսական նշանակություն, իհարկե, ունենալուջ է, սակայն մենք հիմքում դրել ենք այն, որ արցախցիներին կապենք իրենց հայրենիքի հետ: Մենք շնորհակալ ենք, որ այսքան մարդկ արձագանքել է արցախում հանգստանալու կոչին և համոզված ենք, որ սա շարունակական է լինելու, և տարիների ընթացքում բոլոր արցախցիները կգան իրենց երկիր, կտեսնեն այն և կմասնակցեն Արցախի շենացմանը»,- ասաց Հարությունյանը:
Հարությունյանը շեշտեց, որ Արցախում գերակա ուղղություն է հայտարարված զբոսաշրջությունը, որի զարգացմանն էլ միտված է այս նախաձեռնությունը: Վարչապետն ընդգծեց, որ զբոսաշրջության զարգացման հիմնական քաղաքականության մեջ իրենք մեծ տեղ են տալիս արմատներով արցախցիներին, ովքեր գալու են և մնալու են, ովքեր գալու են ու ինչ-որ բան են անելու արցախում: Նա նաև վստահություն հայտնեց, որ հանգստի նպատակով Արցախ ժամանածների մեջ լինելու են մարդիկ, ովքեր, տարիներ առաջ թողնելով Արցախը, չեն պատկերացնում, թե ինչ Արցախ ունեն այս պա հին: «Ես համոզված եմ, որ այն կյանքը, որ նրանք ունեն օտար ափերում, հաստատ ավելի լավը չէ, քան Արցախում: Ես համոզված եմ, որ մենք տեսնելու ենք ընտանիքներ, ովքեր ժամանակի ընթացքում վերադառնալու և հաստատվելու են Արցախում»,- եզրափակեց վարչապետը:
«Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանը, ողջունելով ու շնորհակալություն հայտնելով վարչապետ Հարությունյանին ջերմ ընդունելության համար ասաց. «Ես շատ ուրախ եմ և ոգևորված, որ այսքան մարդ է արձագանքել մեր առաջին կոչին: Այն, անշուշտ, շարունակական է լինելու: Իսկապես, սա մեծ հայրենսիրական քայլ է, և կարծում եմ՝ ամեն մի հայ պետք է գոնե մեկշաբաթյա հանգիստ անցկացնի իր հայրենի հողում»:
Նա հայտնեց, որ բազմաթիվ հայերի կողմից իրենց կոչին նման արձագանքն անսպասելի է եղել: «այսօր հանգստանալու նպատակով 200 մեքենայով արցախ են ժամանել բազմաթիվ հայեր: Պետք է ասեմ, որ այդ մեքենաներից 50-ը ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից: Արցախում հանգստանալու համար սեփական մեքենաներով Արցախ են ժամանել հայեր նաև Հայաստանից, Ուկրաինայից»,- ասաց Գրիգորյանը:
«Արցախ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամ Մհեր Աղալովյանը հայտնեց, որ իրենց կոչին արձագանքել են ավելի շատ մարդիկ, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհները նեղ են և ոչ այնքան բարեկարգ, շատերին խնդրել են հետաձգել իրենց այցն Արցախ: «Ես կարծում եմ, որ այս նախաձեռնությունը շարունակություն կունենա և իրեն երկար սպասել չի տա»,- ասաց նա:
Աղալովյանը շնորհավորեց բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են լինում Արցախում՝ վստահություն հայտնելով, որ նրանց գիտակցության մեջ ինչ-որ բան հաստատ փոխվելու է: Նրա խոսքով՝ այդ մարդիկ մի քանի անքուն գիշերներ են անցկացնելու, քանի որ Արցախու ամեն ինչ յուրահատուկ է: