Շինարարների 35-ի 4-րդ կարգի վթարայնության շենքում տարաձայնություն է վերաբնակեցման հարցում
ОбществоԵրևանի Շինարարների փողոցի 35 շենքի առաջին մուտքի բնակիչների կյանքը ամենօրյա վտանգի տակ է: Ինչպես արդեն տեղեկացրել էր, ՀՀ քաղաքաշինության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ծրագրով մայրաքաղաքում կառուցվում են մի քանի շենք, որոնցում նախատեսված է վերաբնակեցնել մայրաքաղաքում 4-րդ կարգի վթարայնություն ունեցող բազմաբնակարան և հանրակացարանային շենքերի բնակիչներին, սակայն վերոհիշյալ շենքի փլուզմա ն եզրին գտնվող մուտքի բնակիչների վերաբնակեցումը մեծ հարցականի տակ է:
Ըստ շենքը ուսումնասիրող մասնագետների` Շինարարների փողոցի 35 շենքի առաջին մուտքի քանդման արդյունքում վտանգված է հաջորդ երկու մուտքերի անվտանգությունը: Վտանգը վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանն առաջարկել էր քանդել շենքի երեք մուտքերը, իսկ բնակիչներին տեղափոխել այդ նպատակով կառուցվող շենքերից մեկը: 2014թ. տարեվերջին բնակիչների ստորագրահավաքի արդյունքում 36 բնակարաններից միայն 19 բնակիչ էր տվել շենքի քանդման համաձայնություն այն դեպքում, երբ վերաբնակեցման նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ է բնակիչների 90%-ի համաձայնո ւթյունը: Քանդմանը դեմ յուրաքանչյուր բնակիչ ունի իր պատճառաբանությունը: Ոմանք ասում են, թե չունեն նոր տան վերանորոգման գումար, ոմանք վախենում են իրենց սեփականություն հանդիսացող ավտոտնակները կորցնելուց:
«Շենքը քանդելու առիթ չեմ տեսնում: Չեմ էլ հավատում, որ որևիցե առիթ կարող է բերել շենքի փլուզմանը: Ես երկար տարիներ ապրում եմ այս շենքում, իսկ քանդմանը կողմ են մարդիկ, ովքեր նոր են տեղափոխվել այստեղ: Իրենց միևնույնն է` որտեղ կապրեն: Ես չեմ վստահում այսօր կառուցվող շենքերին և նախընտրում եմ ապրել այս շենքում», - «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց շենքի երրորդ մուտքի բնակիչ Լուսիկ Քեշիշյանը:
Վթարայնության կարգ ունեցող շենքի առաջին մուտքի բնակիչ Արտավազդ Եղիազարյանը, ում տան ննջասենյակից անկյան տակ վեր է խոյանում և օր օրի ավելի է բացվում հսկայական ճեղքը, այս տարի մարտին հարևանների օգնությամբ վերստին կազմակերպեց ստորագրահավաք: Այս անգամ 36 բնակչից կողմ արտահայտվեցին 30-ը, իսկ քաղաքապետարան ներկայացրած դիմում-նամակի պատասխանում իրենց ցանկացած պահի հրավիրում էին հանդիպում-քննարկման:
«Մարտից ժամանակ առ ժամանակ դիմում ենք քաղաքապետարան հանդիպումն անցկացնելու նպատակով, սակայն մինչ օրս պատասխան չկա: Ժամանակը գնում է, պատի ճեղքն էլ ավելի է մեծանում, իսկ մենք մինչ օրս չգիտենք, արդյո՞ք վթարային շենքերի համար կառուցվող շենքերում մեզ տեղ հատկացված է, թե ոչ: Իմ վերջին նամակին ի պատասխան, որը ներկայացրել էի մարտին, ինձ տեղեկացրեցին, որ պատրաստ են հանդիպել մեզ հետ, սակայն հանդիպումն անընդհատ հետաձգում են` ներկայացնելով տարբեր պատճառաբանություններ», - ասաց Արտաշես Եզիազարյանը:
Փաստացի փակուղում հայտնված շենքի բնակիչներն ունեն լուծման ընդամենը երկու ուղի. ստանալ 36 բնակարաններից դեմ քվեարկած 6 ընտանիքներից առնվազն 3-ի համաձայնությունը կամ սպասել քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման հետ հանդիպմանը` պատկերացում չունենալով, թե ինչ են առաջարկելու հարցի լուծման ուղղությամբ, սակայն հույս ունենալով, որ, այնուամենայնիվ, հարցի լուծումը տեղից կշարժվի:
2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ` Երևան քաղաքում հաշվառված է քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային 9 շենք, որոնցից 4-ը հանրակացարանային են և 5-ը` բազմաբնակարան: Քաղաքաշինության նախարարության տրամադրած տվյալների համաձայն, 2015 թվականի վերջին հնարավորություն կստեղծվի լուծել 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Երևանում հաշվառված բոլոր քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող ընտանիքների վերաբնակեցման հարցերը: Այդ նպատակով 2014 թվականից մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում կառուցվում է 4 բազմաբնակարանային շենք: Դրանցից մեկը գտնվում է Շինարարների 15 հասցեում, որտեղ անցած տարվա սեպտեմբերից կառուցում են 12 հարկանի շենք: