Անտուն մնացած ընտանիքի անդամները բողոքում են. Մեկ տարի է գործը դատարանում է, սակայն այն դեռ լուծում չի ստացել
ОбществоՊետրոսյանների ընտանիքը, որը ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ եկել էր կրկին իր բողոքի ձայնը բարձրացնելու տվյալ կառույցի շենքի մոտ, Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց, որ արդեն երկու տարի է, ինչ իրենք պայքարում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության դեմ: Պարզվում է պատճառը թերեւս լրջագույններից է.
«Դեպքը տեղի է ունեցել դեռ երկու տարի առաջ: Տանը պառկած էի իմ համար, որոշեցի ծխեմ. լուցկին վառելն ու տունս գմփալը մեկ եղավ: Այս հարցում ես որեւէ մեղավորություն չունեմ, մեղավորը «Գազպրոմ Արմենիան» է» ,- նշեց ընտանիքի անդամ Արտակ Պետրոսյանը:
Ըստ նրա խոսքի՝ տան անդամները մոտ երկու ամիս շարունակ գազի հոտ են զգացել, ինչի հետ կապված բազմիցս ահազանգել են «Գազպրոմ Արմենիայի» համապատասխան բաժին: Վերջիններս, իհարկե, հետեւողական են եղել. եկել եւ ստուգումներ են իրականացրել, սակայն որեւէ խնդիր չեն հայտնաբերել»:
Անտուն մնացած բնակիչը զրույցի ժամանակ հայտնեց նաեւ ոստիկանության կողմից անցկացված նախաքննության արդյունքները. «ՀՀ ոստիկանությունը ուղիղ մեկ տարի նախաքննություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ փողոցի ապօրինի պլասմասե խողովակի պատճառով է տունս պայթել»:
Նշենք, որ պայթյունի հետեւանքով տուժած Արտակ Պետրոսյանը այրվածքաբանական հիվանդանոցում 70 օր բուժում է ստացել. «Ես երկու ամսից ավել եղել եմ հիվանդանոցում ու տարբեր բուժումներ եմ ստացել, սակայն որեւէ մեկի կողմից որեւէ փոխհատուցում չեմ ստացել: Բայց դա անցյալում է, հիմա ավելի լուրջ խնդիր կա. ուղիղ մեկ տարի է, որ մեր գործը դատարանում է: Դատավորի ու դատախազի պահանջով՝ քաղաքացիական հայցն ընդդեմ «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրել ենք, սակայն մինչև հիմա այն չի քննվել մեզ համար անհասկանալի պատճառներով»:
Սոսե Չանդոյան