Իշխանությունը փորձեց ժողովրդին հավաքել Ազատության հրապարակում եւ հետո գլուխը կախ տուն ուղարկել
ИнтервьюԲաղրամյան պողոտայում տեղի ունեցած զարգացումները` բողոքի ցույցը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, հուզեց եւ հետաքրքրեց ոչ միայն Հայաստանին, այլեւ առաջադեմ շատ երկրների: Առաջին հայացքից՝ թե՛ Բաղրամյան պողոտայում, թե՛ Ազատության հրապարակում տեղի ունեցածը հասկանալի է. որոշակի հաջողությունից հետո «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը որոշեց պայքարը շարունակել այլ հարթության վրա, իսկ արդեն հրապարակում հավաքված ժողովուրդը փորձեց քաղաքական շեշտադրումներ տալ խնդրին եւ հանդես եկավ հակաիշխանական կոչերով:
Թե իրականում ում էր ձեռնտու հուժկու նստացույցը վերածել քաղաքական հերթական անիմաստ պայքարի, Orer.am-ը ճշտեց «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանից. «Խնդրի հետ կապված՝ մի քանի տարբերակ կա: Պետք է նախեւառաջ նկատեմ, որ այն, ինչ կատարվեց Ազատության հրապարակում, համպատրաստի էր, իսկ անպատրաստ ընդդիմությունը չի կարող իրեն թույլ տալ նման քայլերի գնալ, այն էլ ամառվա կեսին: Իհարկե, ես չգիտեմ, թե ովքեր են դրա կազմակերպիչները, սակայն չեմ բացառում, որ այստեղ իշխանության մատը լրջորեն խառն է եղել: Այսինքն, իշխանությունը փորձում էր քաղաքականացված տարբերակի ժամանակ ցույց տալ, որ վերահսկում է իրավիճակը, այլ կերպ ասած՝ իշխանությունը փորձեց գոլորշի բաց թողնել: Հնարավոր տարբերակներից մեկն էլ այն է, որ իշխանությունը պարզապես փորձեց փչացնել Բաղրամյանում տեղի ունեցածի ֆոնը: Մենք նկատեցինք, որ այնտեղ բազմաթիվ ոստիկաններ կային: Հավաքված հազար հոգու համար երկու հարյուր ոստիկան բերելու կարիք չկար: Իշխանությունը ոստիկանների քանակով փորձեց գովազդել միջոցառումը. նրանք փորձում էին մարդկանց բերել հրապարակ ու հետո կոտրել, որ մարդիկ գլուխները կախ, անարդյունք գնային տուն»:
Ս. Գիմիշյանը նկատեց, որ հասարակությունը պարզապես չկերավ իշխանական հերթական կուտը. «Փաստացի հանրությունը չվստահեց Ազատության հրապարակում իրականացվող ակցիային: Այդ նախաձեռնությունը կեղծ էր ու հոգեհարազատ չէր մարդկանց: Ես գտնում եմ, որ իշխանությունը փաստացի իր նպատակին չհասավ»:
Սոսե Չանդոյան