Նախագահ Սարգսյանը Մարտունիում մասնակցեց շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությանը
ОбществоԳեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մարտունի քաղաքում մասնակցեց ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի շախմատային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` մրցաշարի բացմանը ներկա էին պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, կրթական եւ առողջապահական հաստատությունների տնօրեններ, պաշտոնական այլ անձինք, շախմատասերներ:
Բացման խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: «Հերթական անգամ Մարտունի քաղաքը հյուրընկալել է «Սեւանա լիճ» խորհրդանշական անունը կրող շախմատի միջազգային 15-րդ կարգի մրցաշարի հայ եւ արտասահմանցի վարպետներին: Տարեցտարի մասնակիցների կազմում ավելանում են նորանոր անուններ, որոնց համար հեղինակավոր այս մրցաշարը դառնում է առանձնահատուկ փորձաշրջան եւ դարբնոց, հաղթական փառքի եւ ճանաչման հասնելու լավ հնարավորություն: Խոսքս կարող է հաստատել հնդիկ գրոսմայստե ր Վիդիթ Սանթոշը, ով դարձավ նախորդ մրցաշրջանի հաղթողը ու այժմ էլ Մարտունի է ժամանել հաղթողի կոչումը պահպանելու հավակնությամբ: Այն, որ այս տարի մասնակից երկրների թվում թվում են նոր անուններ` Ամերիկայի Միացյալ Նահանգները, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Իսպանիան, արդեն խոսում են մրցաշարի հեղինակության աստիճանական բարձրացման մասին: Անշուշտ, մրցաշարն առանձնահատուկ կլինի նաեւ մեր հայրենակից, Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող Սամուել Սեւյանի համար, ով արդեն հասցրել է հռչակվել շախմատային աշխարհում եւ այժմ հանդես է գալու մայր հայրենիքում` ունենալով բազմահազար հայրենակիցների աջակցությունը: Կարծում եմ, որ «Սեւանա լիճ-2015» շախմատային մրցաշարը Մարտունիում հավաքել է միջազգային վարպետների բավականին հանրաճանաչ եւ ուժեղ կազմ ու խոստանում է չափազանց լարված, անզիջում պայքար, ստեղծագործական նոր փայլատակումներ, հաղթանակի բերկրանքներ: Բայց, իմ խորին համոզմամբ, վերջում հաղթելու է բարեկամությունը, մեր հյուրերն այստեղից հեռանալու են ոչ միայն հաղթանակի, այլ նաեւ ջերմ հյուրընկալության ու լավագույն այլ հիշողություններով»,-նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Մրցաշարին բարձր գնահատական տվեց ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ, ՀՀ շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը: «Մարտունին կրկին հյուրընկալել է աշխարհում մեծ վարկանիշ ունեցող տաղանդավոր գրոսմայստերներին, եւ պատիվ ունեմ հայտարարելու, որ մենք հիմա անցկացնում ենք աշխարհի ուժեղագույն մրցաշարերից մեկը: Պատահական չէ, որ աշխարհի հեղինակավոր ու հանարճանաչ կայքերը մեզ խնդրել են` օնլայն տարբերակով ցուցադրել մրցաշարի ընթացքը, ինչը մեզ համար մեծ պատիվ է: Իսկ մրցաշարի կազմակերպումն ու անցկացումը Հայաստանի եւ Մարտունու համար պատիվ են, առանձնակի հպարտություն, տոնական իրադարձություն»,- նշեց Սմբատ Լպուտյանը:
Մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը ներկայացրեց մրցաշարի մասնակիցներին` Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող գրոսամայստերներ Սամվել Տեր-Սահակյանին, Հովհաննես Գաբուզյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Տիգրան Լ. Պետրոսյանին, Հնդկաստանը ներկայացնող Վիդիթ Սանտոշ Գաջրաթին, ով անցած մրցաշրջանի հաղթողն է, Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Վլադիսլավ Արտեմեւին, Լեհաստանը Ներկայացնող Յան Դուդային, Իսպանիան ներկայացնող Դավիդ Գուջիարոյին` Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող Սալեմ Սալեհին,& nbsp; Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող Սամուել Սեւյանին:
«Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Սամուել Սեւյանին, ով առաջին անգամ է հայրենիքում մասնակցում նման հեղինակավոր մրցաշարի: Ասեմ, որ նա շատ խոստումնալից ու հեռանկարային շախմատիստ է, ով միջազգային վարպետ նորման լրացրել է անցած տարի, 13 տարեկանում` գերազանցելով աշխարհահռչակ Ֆիշերի ռեկորդը»,-նշեց գլխավոր մրցավարը:
Ապա Նորայր Քալանթարյանն անցկացրեց մրցաշարի հանդիպուների վիճակահանությունը եւ հայտարարեց, որ հուլիսի 12-ին՝ ժամը 15-ին, կանցկացվի առաջին տուրը:
Խոսրով Խլղաթյան