Ադրբեջանի գնացքն արդեն անցել է. Դավիթ Բաբայան
ИнтервьюԼեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը Մեծ Բիտանիա եւ տեղի խորհրդարանում նրա ելույթը բավական հուժկու ապտակ էր Ադրբեջանի տխրահռչակ իշխանություններին: Նկատենք, որ միջազգային հանրության հետ հարաբերությունների ընդլայնման եւ խորացման հետ մեկտեղ էլ ավելի է սրվում խրոնիկ բնույթի վերածված ադրբեջանական ընկճախտը: Ժողովրդավարության մասին անգամ տարրական եւ մոտավոր պատկերացումներ չունեցող ալիեւյան կլանը դեռ շարունակում է փրփուրներից կախվել` օր օրի այսպես կոչված «սեւ ցուցակը» համալրելով աշխարհահռչակ եւ հայտնի մարդկանց անուններով:
Հիշեցնենք, որ օրերս այդ ցուցակում է հայտնվել նաեւ ռուս խոշոր բիզնեսմեն Գերման Ստերլիգովը, ով Արցախ է տեղափոխվել ընտանիք հետ` մշտական բնակություն հաստատելու եւ խոշոր ներդրում կատարելու համար: Ի դեպ, վերջին զարգացումների ֆոնին խիստ նկատելի է դարձել Ադրբեջանի անհանգստությունը, որն ինչպես միշտ արտահայտվում է խաղաղ գյուղաբնակների եւ սահմանապահ զինվորների ուղղությամբ կրակ արձակելով:
Հասկանալու համար, թե որքան է Ադրբեջանը շարունակելու հայկական կողմի հաջողություններին զուգահեռ լարված պահել սահմանը, Orer.am-ը զրուցեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ. «Բնական է, որ Ադրբեջանը շարունակելու է իր ապակառուցողական քաղաքականությունը, սակայն կարծում եմ, որ իրենց գնացքն արդեն անցել է: Նրանք ուզեն, թե չուզեն, Արցախն արդեն ինտեգրվում է միջազգային հանրության մեջ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ մշակութային առումներով: Այս գործընթացները պարզապես անխուսափելի են»:
Անդրադառնալով ԼՂՀ նախագահի՝ Մեծ Բրիտանիա կատարած այցին՝ Դ. Բաբայանը նշեց. «Վերջերս լինելով Մեծ Բրիտանիայում՝ մենք բավական հետաքրքիր հանդիպումներ ունեցանք: Գիտեք, որ այսօր արդեն Արցախ են գալիս բազմաթիվ գործարարներ` մշտական բնակություն հաստատելու համար: Սա խոսում է մեկ բանի մասին, որ մեր երկիրը ուղղակի նորմալ երկիր է եւ որեւէ վտանգ ինչ որ մեկի համար չի ներկայացնում` անկախ ազգությունից, հավատքից: Սա ինքնին շատ մեծ ձեռքբերում է՝ անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչ է անելու, ինչպիսի քայլերի է դիմելու: Արցախը շարունակելու է իր զարգացման ուղղով ընթանալ առաջ»:
Հարցին, թե ինչի կհանգեցնեն հայկական կողմի՝ օրեցօր գրանցվող հաջողությունները, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը պատասխանեց. «Կարծում եմ, որ հակառակորդի ոտնձգությունները որեւէ էական փոփոխության չեն հանգեցնի: Ագրեսիվ դրսեւորումներն ադրբեջանական կողմից շարունակվելու են եւ, իհարկե, ստանալու են համապատասխան հակահարված»:
Սոսե Չանդոյան