Սահմանադրական բարեփոխումնե՞ր, թե՞ չարեփոխումներ. մեկնաբանում են մայրաքաղաքի բնակիչները
ИнтервьюՍահմանադրական այսպես կոչված բարեփոխումները կարծես թե շատերի սրտով չեն: Հետեւելով սոցիալական ցանցերում տեղ գտած մտահոգություններին եւ ՀՀԿ-ական չինովնիկների իբր սահմանադրական բարեփոխումների համար «դոշ չծեծող» հայտարարություններին՝ կարելի է գալ այն եզրահանգման, որ մոտ ապագայում կրքերը սաստիկ թեժանալու են:
Հասկանալու համար, թե ինչ մթնոլորտ է ձեւավորվել մայրաքաղաքում՝ սպասվելիք սահմանադրական եւ երկրի կառավարման մոդելի փոփոխման հետ կապված, Orer.am-ն անցկացրեց սոցհարցում:
Անահիտ Գրիգորյան, 26 տարեկան. Սահմանադրական բարեփոխումների հետ կապված որեւէ հստակ բան չեմ կարող ասել, քանի որ փոփոխված տարբերակին ծանոթ չեմ ընդհանրապես: Ծանոթ լինելով գործող Սահմանադրությանը՝ կասեմ, որ այն բավական հաջողված է եւ մարդասիրական սկզբունքների վրա գրված փաստաթուղթ է: Հիմա հասկանալ է պետք, թե այդ փոփոխությունների հիմնական նպատակը որն է: Կարծում եմ, որ սա ավելի շատ քաղաքական բնույթի ինչ որ խաղ է. բոլորս էլ լավ գիտենք, թե մարդիկ պաշտոնի համար ինչերի են պատրաստ: Ընդհանուր առմամբ՝ ես դեմ չեմ, թող փոխեն անգամ ՀՀ Սահմանադրությունը, բայց արդյո՞ք այդ ժամանակ Հայաստանում բնակվող մարդիկ կսկսեն լավ ու բարեկեցիկ կյանքով ապրել, չեմ կարծում:
Աննա Հովհաննիսյան, 57 տարեկան. Ցավոք սրտի, այսօր Հայաստանում ապրելու պայման չկա: Եթե մարդիկ օրվա հացի խնդիր են լուծում, ապա նրանց հետաքրքիր չէ, թե ինչ են փոխում կամ ոնց են փոխում: Թող մեր իշխանություններին փոխեն, այլ ոչ թե ՀՀ Սահմանադրությունը:
Վազգեն Խաչիկյան, 78 տարեկան. Ես թոշակառու մարդ եմ, ինձ ապրելու մի քանի տարի մնաց, բայց սիրտս ցավում ա: Մեր գյոզալ երկիրը ո՞վ եկավ քանդեց: Ես չեմ հասկանում սահմանադրական փոփոխություններից, իմ համար կարեւոր է, որ մեր երիտասարդները լավ ապրեն, թոշակառուները դեղի փող ունենան, մնացածը ինչ կանեն թող անեն:
Իշխան Սարգսյան 27 տարեկան. Կարծում եմ, որ Սահմանադրական բարեփոխումներից միայն վատ հոտ է գալիս: Մենք տեսանք, թե ինչ եղավ, երբ փորձեցին էլեկտրաէներգիայի գինը բարձրացնել՝ սեփական կամ Բիբինի գրպանը լցնելու համար: Նույնը լինելու է սահմանադրական բարեփոխումների հետ կապված: Իմ կարծիքով՝ երիտասարդությունը ոտքի է կանգնելու ու չի թողնելու, որ երկրի կառավարման մոդելը փոխեն: Վերջին հաշվով՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելով՝ ո՛չ ծովերն են ավելանալու, ո՛չ սահմաններն են բացվելու ու ավելի խաղաղ դառնալու: Ամեն ինչ մնալու է նույնը, եւ, իհարկե, առաջին հերթին իշխանությունն է մնալու նույնը` նկատի ունեմ, որ նրանք շարունակելու են կառավարել անգամ պառլամենտական մոդելի ժամանակ:
Սոսե Չանդոյան