Ռուզաննա Խաչատրյանի՝ ըննդեմ «Հրապարակ» օրաթերթի ներկայացրած հայցով դատական նիստը հետաձգվել է փաստաբանի՝ գործից հրաժարվելու պատճառով
ОбществоԻնչպես հայտնում է Orer.am-ը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի՝ ըննդեմ «Հրապարակ» օրաթերթի ներկայացրած հայցով նախնական դատական նիստը կրկին հետաձգվեց:
Դատարանը, հաշվի առնեելով «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի՝ երկրում չգտնվելու ու գործում ներգրավված փաստաբան Տիգրան Ավետիսյանի՝ գործից հրաժարվելու փաստը, հաջորդ դատական նիստը նշանակեց օգոստոսի 25-ին:

«Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչ Սյուզաննա Սիմոնյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչու է փաստաբանը հրաժարվել մասնակցել գործին. «Ես չեմ խոսել նրա հետ, բայց կարծում եմ՝ ճնշումներ են եղել»:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը, ուսումնասիրելով դատարանին ներկայացրած դիմումը՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ, հայտնեց, որ որևէ առարկություն չունի ու դեմ չէ հետաձգել նիստը:
Նա նաև հստակեցրեց, թե ինչ է պահանջվում պատասխանող կողմից. «Պատասխանող կողմից պահանջվում է, որպեսզի հերքում տպագրվի «Հանրությունն ուզում է իմանալ 1» և «Հանրությունն ուզում է իմանալ 2» հոդվածների համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 25-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ժամը 15:30:
Հիշեցնենք, որ Ռուզաննա Խաչատրյանը հայց է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ՝ պահանջելով հերքում տպագրել օրաթերթում և Hraparak.am լրատվական կայքում տպագրված «Հանրությունն ուզում է իմանալ 1» և «Հանրությունն ուզում է իմանալ 2» հոդվածներում տեղ գտած, իրենց գնահատմամբ` իրականությանը չհամապատասխանող փաստերի ու զրպարտող արտահայտությունների համար:
Անժելա Պողոսյան