Անչափահաս հանդբոլիստի սպանության գործով միակ ականատես վկան հրաժարվեց նախաքննական մեղադրող ցուցմունքներից
ОбществоՁեռքի գնդակի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար Վանաձոր եկած և այստեղ դանակահարության հետևանքով մահացած 15-ամյա անչափահասի գործով դատական քննությունը ավարտական փուլում է:
Orer.am-ի տեղեկություններով՝ դատական նիստում պաշտպանական կողմի միջնորդությամբ լրացուցիչ հարցաքննության հրավիրված վկան, որ գործով միակ ականատեսն է, հայտարարություն արեց, որ իր անվամբ լրացված նախաքննական ցուցմունքներն իր խոսքերը չեն, իրականում ինքը ոչինչ չի տեսել, դեպքից էլ ընդհանրապես տեղյակ չէ: Իսկ նույն վկայի նախաքննական ցուցմունքների համաձայն՝ գործով ամբաստանյալ Կարեն Կունգուրցևն է անչափահասին դանակով հարվածել: Սակայն վկան դատարանում երկրորդ անգամ հրաժարվեց Կունգուրցևի դեմ նախաքննական իր մեղադրող ցուցմունքներից:
Մինչ այս պահը դատարանում գործով հարցաքննվել են մոտ 30 վկաներ, հետազոտվել են բոլոր գրավոր ապացույցները: Վկաների հարցաքննությունը պաշտպանական կողմի միջնորդությամբ է վերսկսվել: Հաջորդ դատական նիստին կհարցաքննվի ևս մեկ վկա, որն իր ցուցմունքները կառուցում էր այսօրվա միակ ականտես վկայի պատմածի հիման վրա: Նրա լրացուցիչ ցուցմունքով դատաքննությունը կավարտվի:
Կունգուրցևի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ «Օբյեկտիվ ճշմարտությունը դատարանում բացահայտվում է, մնում է՝ դատարանը գնահատի այդ ամենը»:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցեւը 2013թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00 ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է եւ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարված է հասցրել Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանում` վերջինիս պատճառել մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների կողմից օգնության հասնելուց հետո Կարենը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է: Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Սակայն նա պնդում է, որ տեղի ունեցածի հետ որեւէ առնչություն չունի, նույնիսկ ականատես չի եղել կատարվածին:
Ադրինե Թորոսյան