Իրավիճակը ԵՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառության բնագավառում. կապերը և հնարավոր ընդլայնման ուղիները
АналитикаԵվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական տնտեսական ընկերակցության Մաքսային Միության հիման վրա` 2014թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարին:
Միավորումը պնդում է, որ իր նպատակն է անդամ-պետությունների տնտեսությունների ամրապնդումը, դրանց միջև կապերի սերտացումը, տնտեսության մոդերնիզացումը, համաշխարհային շուկայում անդամ պետությունների մրցունակության բարձրացումը:
ԵԱՏՄ-ն կոչված է ապահովելու ապրանքների, ծառայություների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաև համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության վարումը անդամ-պետությունների միջև տնտեսության բնագավառում:
Արդեն մոտ վեց ամիս է, ինչ Հայաստանը դարձել է ԵԱՏՄ անդամ երկիր, և թե որքանով է այդ անդամակցությունը դրական ազդեցություն ունեցել Հայաստանի տնտեսության վրա՝ արտացոլվում է այս մի քանի ամիսների ընթացքում գրանցված ցուցանիշներով:
2015թվականի հունվար-մայիս ամիսներին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1558862.9 հազար դոլար, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում գրանցվել էր 2301559.6 հազար դոլարի արտաքին առևտրաշրջանառություն:
Ընդ որում, պետք է նշենք, որ ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունը կազմել է ամբողջի 15.6%-ը` 2014 թվականի 23.2%-ի փոխարեն: Նման զգալի կրճատումը կարելի է մեկնաբանել ՌԴ տնտեսությունում տիրող անկայնությամբ:
Հայաստանի առևտրաշրջանառության զգալի մասը բաժին է ընկնում ՌԴ-ին ու ստղծված իրավիճակը վկայում է այն մասին, որ կրճատվել են մի շարք ապրանքների արտադրությունը, քանի որ նվազել է վերջիններիս նկատմամբ ձևավորված պահանջարկը:
Այսպիսով, եթե ստեղծված իրավիճակը կրի երկարաժամկետ բնույթ, ապա դա ապագայում լուրջ վնասներ կարող է առաջացնել հայրենական արտադրողի համար:
Անդրադառնալով ԵԱՏՄ մյուս անդամ-պետություններին` Բելառուսին և Ղազախստանին, պետք է նշենք, որ այստեղ ևս նկատվել են որոշ տեղաշարժեր: Վերը նշված ժամանակահատվածում դեպի Ղազախստան արտահանում ընդհանրապես չի գրանցվել, այն դեպքում, երբ 2014թվականի հունվար-մայիս ամիսներին արտահանումը կազմել է 2893.1 հազար դոլար:
Ղազախսատի հետ առևտրատնտեսական կապերը զարգացնելու նպատակով անհրաժեշտ է ընդլայնել մի շարք ապրանքախմբերի առևտրաշրջանառությունը: Ինչպես գիտենք, Հայաստանը հանդիսանում է հացահատիկի զգալի մասի ներմուծող, ուստի առավել արդյունավետ կլինի մի շարք երկրներից ներմուծվող հացահատիկը փոխարինել Ղազախստանի հացահատիկի պաշարներով:
Հնարավորության սահմաններում կարելի է ընդլայնել ապակու և դրանից պատրաստված իրերի, ինչպես նաև քարից, գիպսից, ցեմեսից և նմանատիպ նյութերից պատրաստված իրերի արտահանումը:
Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա արտահանման կրճատումը ակնհայտ է. եթե 2014 թվականին վերը նշված ժամանակաշրջանում այն կազմել է 3079.5 հազար դոլար, ապա 2015 թվականին` 42.3 հազար դոլար: Կրճատումը կարելի է բացատրել Հայաստանում կոնյակի, գարեջրի, ինչպես նաև ոչ ալկոհոլային ըմպելիքների, բնական հյութերի արտադրության նվազմամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպի Բելառուս արտահանման կառուցվածքում զգալի տեսակարար կշիռ են կազմում հենց ոգելից և ոչ ոգելից խմիչքները: Սա նույնպես կարելի է դիտարկել որպես հետևանք ՌԴ-ում տիրող տնտեսական անկայունության:
Դիտարկելով Բելառուսից ներմուծվող ապրանքատեսակները` հիմնական շեշտը կարելի է դնել հատկապես տրակտորների, շինարարական ու գյուղատնտեսական տեխնիկայի, ինչպես նաև դրանց պահեստամասերի վրա, քանի որ վերջիններս կարևոր նշանակություն ունեն երկրի գյուղատնտեսության զարգացման համար:
Անդրադառնալով Հայաստանի համար մեծ կարևորություն ներկայացնող տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտին` նշենք, որ այս ոլորտի հիմանական շուկաները եղել են ԱՄՆ-ն և ԵՎրոպան, և ներկայումս փորձեր են արվում՝ եվրասիական տնտեսական միության շուկայում լայն գործունեություն ծավալելու:
Անդրանիկ Բարսեղյան