Թուրքիան արհամարհու՞մ է Օջալանի` հաշտության գնալու կոչերը
ИнтервьюԹուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումները` թուրք-քրդական լարումները, փաստում են մեկ բանի մասին` բախումներն իրենց սպասել չեն տա: Հետաքրքրական է այն, որ Թուրքիան, արդեն իսկ սարսափելով քրդերից, չի գնում եւ ոչ մի փոխզիջումային տարբերակի վիճակն ավելի հանդարտեցնելու համար:
Թե ինչ զարգացումներ կլինեն հարեւան պետության ներսում, կողմերից ո՞ր մեկը կշահի եւ, վերջին հաշվով, ի՞նչ վտանգների առաջ կկանգնեն վերոնշյալ հակամարտության պատճառով Թուրքիայում բնակվող հայերը, այս եւ մի շարք կարեւոր այլ հարցերի շուրջ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ:
«Մոտ 30 տարի է, ինչ Թուրքիայում շարունակվում են թուրք-քրդական լարումները, սակայն վերջին երկու տարվա ընթացքում իրավիճակը շատ է սրվել, քանի որ քրդերը սկսել են ավելի ակտիվանալ: Նրանք տարբեր վայրերում ապստամբություններ են իրականացնում, տեղի են ունենում զինված բախումներ: Քրդերը ցանկանում են որոշակիորեն իրենց դիրքերն ամրապնդել, այդ իսկ պատճառով Թուրքիայի կառավարության առաջ պայմաններ են դնում, ինչն էլ իր հերթին չի ընդունում Թուրքիայի իշխանությունը: Այս ամենը գնում է դեպի հակամարտության ակտիվացման ու բորբոքման»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե ով եւ ինչպես կարող է հանդարտացնել հակամարտող կողմերին, պատգամավորը պատասխանեց՝ խոսելով քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանի կողմից արված հայտարարությունների մասին: «Այսօրվա դրությամբ հանդարտության եւ խաղաղության կոչեր է անում Աբդուլլահ Օջալանը: Սակայն, ինչպես տեսնում ենք, թուրքերը հաշվի չեն նստում քրդերի առաջնորդի խոսքի հետ՝ շարունակելով էրդողանյան ծայրահեղ դրսեւորումները»,- ասաց պատգամավորը հավելելով, թե չի կարծում, թե թուրքական բանակը կկարողանա ճնշել քրդերին: «Ստեղծված իրավիճակը դեռ խմորումների առիթ կդառնա: Հակամարտող երկու կողմերն էլ այս տարիների ընթացքում բավական մեծ մարդկային կորուստներ են ունեցել: Կարծում եմ, որ Թուրքիայի կառավարությունը, Էրդողանը պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի կարողանան հաշտեցման ինչ-որ եզրեր գտնել: Որպես հաշտեցման մի հնարավորություն էր քրդերի այն առաջարկը, ըստ որի՝ իրենք առաջարկում էին Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնել ազգային փոքրամասնությունների լեզվամշակութային խնդիրների վերաբերյալ: Ինչպես տեսնում ենք Էրդողանն այդ քայլին էլ չգնաց: Կարծում եմ, որ Էրդողանի ծայրահեղական այդ մոտեցումները ոչ մի լավ արդյունքի չեն հանգեցնի: Թուրքական իշխանությունը գոնե ինչ-որ զիջումների պետք է գնա»,- ասաց Կ. Աճեմյանը:
Իսկ թե ինչ զարգացումներ են հնարավոր թուրք-քրդական լարումների ֆոնին հայկական կողմի հետ, վերջինս ասաց հետևյալը. «Քրդերի` դեպի իրենց անկախության եւ ազատության գնալու գործընթացի ժամանակ, թուրքերին շատ ավելի ձեռնտու է, որ իրականացվի Էրդողանի այն հայտարարությունը, թե Թուրքիայի խնդիրները հարեւան պետությունների հետ պետք է հասնեն զրոյի: Լավ կլիներ, որ հայ-թուրքական սահմանը բացվեր, քանի որ տնտեսապես եւ քաղաքականապես միայն դրական ազդեցություն կունենար Թուրքիայում տիրող դրության եւ գործընթացների վրա: Այդ քայլը բավական ձեռնտու կլինի նաեւ Հայաստանի համար»:
Անդրադառնալով նաեւ Թուրքիայում բնակվող հայերի խնդիրներին՝ պատգամավորը նշեց, որ չի կարծում, թե հակամարտության ժամանակ որեւէ կողմ կշահի: «Իրականում հակամարտության հիմքում ընկած է էթնիկ խնդիրը: Չնայած, որ թուրքրն ու քրդերը երկար տարիներ ապրել են իրար կողքի, միեւնույն է, այդ ազգերի մեջ թշնամանք կա: Չեմ կարծում, որ երկու կողմերից որեւէ մեկը, այդ թվում՝ նաեւ հայերը կարող են շահել: Հերթական անգամ միջազգային հանրությունն ականատես է լինում այն բանին, թե ինչ դիրքորոշում ու վերաբերմունք է թույլ տալիս Թուրքիայի իշխանությունը ազգային փոքրամասնությունների հանդեպ: Չի բացառվում, որ այս հակամարտության ընթացքում մեծ թվով քրդեր զոհվեն եւ որոշակի տեղերում էլ իրագործվի էթնիկ զտումներ քրդերի հանդեպ»,- ասաց վերջինս:
Սոսե Չանդոյան