Համաշխարհային շուկայի մարտահրավերներն ու Հայաստանի էլաստիկությունը
АналитикаԱկնհայտ է, որ համաշխարհային ֆինանսական շուկան այսօր չի ապրում իր ամենակայուն օրերը: Արդեն տևական ժամանակ արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ իրականացվող սանկցիաները որոշակի ազդեցություն են ունեցել դոլար-ռուբլի հարաբերակցության և նավթի գների անկման վրա: Վերջին ամիսներին նկատելիորեն նվազել է Չինաստանի տնտեսական աճի տեմպը, իսկ ազգային արժույթը զգալի արժեզրկում է ապրել: Այսօր նավթը շարունակում է էժանանալ` իր հետեւից տանելով ռուսական ռուբլու փոխարժեքը: Երեկ մեկ դոլարի գինն արդեն հատել էր 67 ռուբլու սահմանագիծը: Մյուս կողմից էլ անկում է ապրում ղազախական տենգեն: Մեկ օրվա ընթացքում այն արժեզրկվել է մոտ 30 տոկոսով:
Փաստորեն ՀՀ-ի խոշորագույն տնտեսական գործընկեր ՌԴ-ն, մեր արտաքին առևտրի 10% մասնաբաժին ունեցող Չինաստանն ու ԵԱՏՄ երկրորդ տնտեսություն Ղազախստանն ապրում են ճգնաժամային օրեր: Ակներև է, որ ՌԴ ֆինանսատնտեսական իրավիճակն ուղղակի ազդեցություն ունի մեր երկրի վրա, և առհասարակ ներկայիս համաշխարհային շուկայում տեղի ունեցող ֆինանսական վայրիվերումներն անմասն չեն թողնելու Հայաստանը:
Առաջին հայացքից տնտեսական խորը ճգնաժամն անխուսափելի է, սակայն իրականում ամենինչ այնքան հոռետեսական չէ, որքան թվում է: Չանտեսելով միջազգային շուկայից դեպի Հայաստան ներխուժող բացասական ազդեցությունները` այնուամենայնիվ պետք է հաշվի առնենք, որ ռուսական ռուբլու և ռուսական շուկայի տատանումները դեռևս նախորդ տարեվերջին ու ընթացիկ տարեսկզբին արդեն նոր մարտահրավերներ էին առաջացրել հայկական դրամի ու հայ արտահանողների համար: Այդ ժամանակվանից դեռ կառավարությունը շոկերը մեղմելու համապատասխան քայլեր ձեռնարկեց` հավասարակշռելով սպառողների և արտահանողների շահերը: Եվ ի հեճուկս համատարած հոռետեսության` այդ պայմաններում նույնիսկ տնտեսությունն աճեց 2.2 %-ով առաջին եռամսյակում:
Այն որ կանխատեսվում է չինական տնտեսության աճի տեմպերի դանդաղում և դա անդրադառնում է մետաղների միջազգային գների վրա, կարծես ակնհայտ է: Բայց միգուցե արժեր նկատել նաև, որ դա այդուհանդերձ չի խանգարում Չինաստանին խոշոր ներդրումային հետաքրքրվածություն ցուցաբերել Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում:
Ղազախստանի ազգային արժույթի անկումը կանխատեսելի է, քանզի համաշխարհային շուկայում նավթի գների անկմանը զուգահեռ գահավիժում են նավթ արտահանող երկրների ազգային արժույթները: Չնայած նրան, որ Ղազախստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, այնուամենայնիվ մեր առևտրային հաշվեկշիռն այնքան մեծ չէ այդ պետության հետ, որպեսզի անմիջական ազդեցություն առաջանա: Եվ ի վերջո, նավթի գների անկումը բացասական ազդեցություն է ունենում նաև մեր հարևան երկրի վրա, ինչը ոչ պակաս կարևոր է ֆիքսել այս համատեքստում:
Եթե դիտարկենք ընթացիկ տարում ՀՀ-ում գրանցված տնտեսական ցուցանիշները, ապա պետք է նկատենք, որ 2015 թվականին ծառայությունների 2.4%, գյուղատնտեսության 14.8%, արդյունաբերության 4.1% և շինարարության 0.4% աճեր է գրանցվել հունվար-հուլիս ամիսներին: Տեղին է հիշատակել նաև, որ 24.08.2015թ. դրությամբ 220 լուծարված ՍՊԸ-ների դիմաց գրանցվել է 2349 նորը, 5892 լուծարված ԱՁ- երի դիմաց գրանցվել է 7000 նոր ԱՁ:
Իհարկե, չի կարելի հանրության «գլխի տակ փափուկ բարձ դնել» և ամեն ինչ ներկայացնել պոզիտիվ տեսանկյունից: Վերոգրյալ դրական ցուցանիշներն արձանագրվել են դժվարին տարվա ընթացքում, և ոչ մի երկիր ապահովագրված չէ անսպասելի ցնցումներից, սակայն այս ամենի ֆոնին արձանագրել միայն բացասականը և զուտ հոռետեսական կախատեսումներ կատարել, կարծում եմ, սթափ չէ:
Ի դեպ, չմոռանանք արձանագրել, որ արժութային տատանումների շրջանում կարող է բացասական ազդեցություն ունենալ նաև հանրության շրջանում առկա ուռճացված խուճապը, ինչն իր հերթին կարող է առաջացնել լրացուցիչ արհեստական դրսևորումներ: Վերոգրյալը հաշվի առնելով` պետք է հնարավորինս սթափ վերլուծություններ մատուցել քաղաքացիներին, քանզի տնտեսագիտական գործընթացներին խորությամբ չտիրապետող մարդը կարող է ցանկացած թերի տեղեկատվությունից ազդված անցնել ոչ անհրաժեշտ գործողությունների:
Անդրանիկ Բարսեղյան