Իրավապաշտպանը` իշխանության «աճեցրած հանցագործների» եւ նրանց կողմից իրականացվող ինքնադատաստանների մասին
ИнтервьюՀՀԿ-ական նախկին եւ ներկայիս անդամները մեկը մյուսին հերթ չտալով հասցնում են հայտնվել սկանդալային տարբեր իրադարձությունների կիզակետում: Ժամանակին «կինոյի միջի» տղայի մշտական դերում էր Սյունյաց «հավերժ մարզպետն» իր նմանը չունեցող զավակով: Շռնդալից ապտակներից մինչեւ աչքհանոցիներ, կրակոցներ ու սպանություններ, եւ այս ամենը Սիցիլիայի վերածված մի բուռ Հայաստանում: Սակայն արի ու տես, որ սա ամենը չէ. ամենաթողության եւ անպատժելիության մթնոլորտն օր օրի ջրի երես է հանում նորանոր հանցագործների, ովքեր, մեծ հաշվով, թքած ունեն օրենքի, իսկ որ ամենասարսափելին է` մարդկային կյանքի վրա:
Օրերս Air Armenia ավիաընկերության սեփականատիրոջ` Արսեն Ավետիսյանի կինը, հայտարարություն էր արել այն մասին, որ իր ամուսնուն առեւանգել են: Տիկինը նշել էր նաեւ, որ այդ քայլին գնացողները ՀՀՖ նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիմակիցներն են: Ինչպես պարզ դարձավ հետագայում, տեղեկատվությունը համապատասխանում էր իրականությանը` ընկերության սեփականատիրոջը դաժան ծեծի ենթարկածները «մեծն» Հայրապետյանի թիկնապահներն են եղել, ինչն ընդհանրապես զարմանքի տեղիք չի տալիս: Ինչպես ասում են` «Ասա` ով է տերդ, ասեմ` ով ես դու… »: Բռնությունների սիրահար եւ վարպետ Ռուբեն Հայրապետյանի անունը մեկ անգամ չէ, որ շրջանառվել է աղմկահարույց իրադարձություններում: Որպես ապացույց հիշենք «Հարսնաքարի» դեպքերը եւ մեջբերենք 2011 թ. սեպտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսից մի հատված Հայրապետյանի խոսքից. «Չգիտե՞ք` ես ի՞նչ պիտի անեմ` պիտի պատժեմ, ծեծեմ, որ ասեն` ջութակ է նվագել, ա՛յ, էդ ժամանակ զարմացեք»: Այսքանից հետո մնում է լռել եւ պարզապես հասկանալ, թե ինչու են մարդիկ 21-րդ դարում առաջնորդվում ջունգլիների օրենքներով:
Ինչպես Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, բռունցքներով եւ հետեւից հարվածներ հասցնելու ձեւով հարցեր լուծելու եղանակը վաղուց արդեն` 90-ականներից դարձել է պրակտիկա: «Ես կհիշեցնեմ, թե ինչ դեպքեր են եղել այդ տարիներին` բռնություն փաստաբան Ռուբեն Սահակյանի նկատմամբ, Էլ չեմ խոսում, թե ինչեր էին կատարվում ընտրությունների ժամանակ: Այդ տարիներին ցանկացած դեպք ուղորդվում էր ծեծ ու ջարդով եւ այդ ամենը սահուն կերպով տեղափոխվեց 2000-ական թվականներ»,- պատմեց իրավապաշտպանը:
Ըստ նրա՝ այսօրվա իրադարձությունները պարզապես այն ժամանակների զարգացումն ու շարունակությունն են: «Անդրադառնանք վերջերս տեղի ունեցած աղմկահարույց դեպքերից մի քանիսին՝ դրանցից էր Արամ Մանուկյանի վրա հարձակումը, Պավել Սաֆարյանին ծեծի ենթարկելը: Այս գործելաոճը դարձել է ձեռագիր, այս ամենը կազմակերպվում է իշխանության կողմից: Եթե մարդ, ով կնոջ վրա ձեռք է բարձրացնում` հրապարակային ապտակում է ու պատիժ չի կրում, ապա սա դառնում է հարցեր լուծելու ամենաօպտիմալ եղանակը, որովհետեւ մարդիկ ոչ թե դատի են տալիս ու արածի համար պատասխանատվություն են պահանջում դատարանով, այլ իրենց հարցերը լուծում են ծեծի միջոցով»,- ասաց Ավետիք Իշխանյանը՝ հավելելով, որ քանի դեռ պրակտիկայում տիրում է ծեծի եւ անպատժելիության մթնոլորը, մարդիկ լավ տեղյակ լինելով իրավիճակին, գնում են հաշտության: Մարդիկ ստիպված են գնում կոմպրոմիսի: Air Armenia ավիաընկերության տնօրենը, լավ իմանալով, որ հարցը հետեւանք չի ունենալու, որոշել է գնալ կոմպրոմիսի: Նման դեպք եղել է նաեւ 90-ականներին, երբ մի դիվանագետի իր կնոջ եւ քրոջ աչքի առաջ ծեծեցին եւ նա գնաց կոմպրոմիսի, ապա դարձավ դեսպան եվրոպական երկրներից մեկում: Այ, սա է մեր երկրի պատկերը»,- խոսքը եզրափակեց Ավետիք Իշխանյանը:
Սոսե Չանդոյան