Կան կուսակցություններ, որոնք իշխանության հետ հաշվի չեն նստում
ИнтервьюՎենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներն օրերս մեղադրում էին իրենց հետ հանդիպման չգնացած քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների` ասելով, թե տվյալ կուսակցությունները պարզապես սրտացավ չեն իրենց երկրի զարգացման համար:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ով եւս ներկա չի գտնվել վերոնշյալ կառույցի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց, որ, որպես կուսակցության նախագահ, ներկա չի գտնվել հանդիպմանը մի քանի պատճառով: «Մենք դեռեւս ամիսներ առաջ ենք մեր դիրքորոշումը հայտնել այն մասին, որ սահմանադրական բարեփոխման կամ փոփոխության կարիք Հայաստանը չունի: Այդ իսկ պատճառով մենք չենք ներքաշվում բովանդակային քննարկումների մեջ եւ չենք փորձելու լեգիտիմացնել այն գործընթացները, որոնք իրականացնում են հանրապետականները»,- ասաց նա:
Անդրադառնալով հանդիպմանը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից արված այն արտահայտությանը, թե հարկավոր է պաշտպանել միասեռականների ամուսնությունները, քանի որ ՄԻԵԴ-ն այդպես է պահանջում, Պետրոս Մակեյանն ասաց, որ ցավում է, որ Եվրոպան տասնամյակներ, եթե ոչ ավելի, «մարդկային արժեհամակարգից շեղվել է»: «Եթե Եվրոպան մարդու իրավունքների, ժողովրդավարության իրական կրողը լիներ, ապա Հայաստանի իշխանությունների մուտքը Եվրոպա պետք է արգելվեր: Հայաստանում ամեն անգամ տեղի են ունենում կեղծված ընտրություններ, իրականացվում է բիրտ թվանկարչություն՝ ընդունելով դա քայլ առաջ»,- ասաց նա: Այս ֆոնի վրա «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նկատեց, որ Եվրոպան իր հերթին այդ արժեհամակարգը թելադրում է այն երկրներին, որոնց իշխանությունը խոցելի է: «Քանի որ մեր իշխանությունները ժողովրդի հետ կապ չունեն, բնական է, որ ԱՄՆ-ն իրենն է թելադրում, Ռուսաստանը՝ իրենը, Եվրոպան՝ իրենը, այսինքն՝ որտեղից ուժեղ քամի փչի, այդ ուղղությամբ մեր իշխանությունը պետք է թեքվի: Մենք այլեւս այլընտրանք չունենք»,- ընդգծեց նա: