Սուսաննա Թադևոսյանը դրական տեղաշարժեր է տեսնում Հայաստանում ներառական կրթության ընդլայնման ոլորտում
ОбществоՀայաստանում հաշամանդամություն ունեցող անձանց համար առաջնային խնդիրները միջավայրային արգելքները, անմատչելի տրանսպորտը և հասարակության վերաբերմունքն են: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 27-ին լրագրղների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Սուսաննա Թադևոսյանը:
«Ցավոք սրտի հանրության վերաբերմունքը մինչ օրս խնդիր է համարվում, թեև հաջողված փորձերը փոխում վերաբերմունքը: Դեռևս գերակա է այն վերաբերմունքը, որ հաշմանադամություն ունեցող մարդը կարիք ունի աջակցության, բարեհոգության, հումանիտար օգնության: Հաշմանդամություն ունեցողը լիիրավ անձ է և ունի մարդու նույն հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես ուրիշները: Հարկավոր է ի վերջո վերացնել բոլոր միջավայրային խոչընդոտները, որպեսզի այդ մարդն իր իրավունքները բոլորին հավասար իրացնի»,- նշեց Թա դևոսյանը:
Նրա գնահատմամբ` միջավայրային արգելքների հարցը չի լուծվում միայն թեքահարթակներ կառուցելով. պետք է համապատասխան պայմաններ ստեղծել նաև հաշմանադամության այլ տեսակներ ունեցողների համար:
Կրթության ոլորտում հաշմանդամների ներգրավման առումով Թադևոսյանը դրական տեղաշարժեր է տեսնում: Փորձեր են կատարվում կրթական գործընթացը հաշմանդամություններ ունեցող երեխաների համար առավել մատչելի դարձնելու համար:
«Այն կանխակալ վախերը, որ հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությունը սովորական միջավայրում կրթական գործընթացին կարող է վնասել, մյուս երեխաների կրթությանը, վստահաբար եմ ասում, ընդամենը դեռևս առկա կարծրատիպերի և սխալ պատկերացումների հետևանք է, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ներառական կրթությունը որևէ կերպ չի խոչընդոտել հաշմանդամություն չունեցող երեխաների կրթությանը , որևէ ձևով չի վնասել այդ երեխաների բնականոն զարգացմանը, ես կասեի նույնիսկ հակառակը»,- նշեց բանախոսը:
Ըստ նրա` մթնոլորտը դպրոցներում փոխվել է, երեխաները սովորել են միմյանց օգնել աջակցել ավելի հանդուրժող ու բարի են դարձել, և այդ իրավիճակում զարգանում են բոլորը:
Հայաստանում ապրում են հաշմանդամություն ունեցող շուրջ 8 հազար երեխաներ, որոնցից միայն 1700-ն են սովորում մոտ100 ներառական դպրոցներում: