Պատրաստ ենք գնալ մինչև չեղարկում. «Ո´չ թալանին» նախաձեռնությունը նորից դուրս է գալիս փողոցային պայքարի
ОбществоԻնչպես տեղեկացնում է Orer.am-ը, «Ո´չ թալանին» նախաձեռնության անդամ Միհր Ավագյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ խանութպաններից մեկն ասել է, որ եթե էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանա, ինքը ստիպված է լինելու փակել խանութը, քանի որ այդ պայմաններում աշխատելն անհնար է:
Նախաձեռնության անդամներն անդրադարձան փոքր և միջին ձեռնարկությունների բողոքներին: «Վերջին շրջանում տարբեր ահազանգեր ենք ստանում: ՀԷՑ-ի աշխատողները, այցելելով փոքր և միջին ձեռնարկությունների տերերին, ասում են, որ պետք է ստորագրեն փաստաթուղթ, որով համաձայնում են վճարել թանկացված չափով, այլապես կանջատեն էլեկտրաէներգիան: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը իր հայտարարության մեջ ոչինչ չի ասել ՓՄՁ-ներին չսուբսիդավորելու մասին: Այս ամենից հետո վարչապետը ասում է՝ դեմ է փոքր ու միջին ձեռնարկություններին սուբսիդավորելուն, սակայն դեռ քննարկվում է: Ունենք իրար հակասող հայտարարություններ: ՀԷՑ-ն անցել է գործի՝ կա´մ ՀԷՑ-ը հասկացել է, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ, կա´մ խաբում են ժողովրդին: Կոչ ենք անում ոչ մի դեպքում չստորագրել նման փաստաթուղթ, դա անօրինական է, հակասում է արված հայտարարություններին: Կոչ ենք անում դուրս գալ փողոց»,- հայտարարեց Արտուշ Չիբուխյանը:
Անդրադառնալով աուդիտին ու իրենց մասնակցության հարցին՝ նախաձեռնության անդամները նշեցին, որ դեռ պարզ չէ՝ ինչ աուդիտ է լիելու՝ տեխնիկակա՞ն, թե՞ ֆինանսական և իրենք ինչ դեր են ունենալու այդ գործընթացին մասնակցելու դեպքում: «Հաշվի առնելով այս փաստը ու Սերժ Սարգսյանի, վարչապետի հայտարարությունների ու ՀԷՑ-ի գործողությունների անհամապատասխանությունը՝ հասկացանք, որ աուդիտով ուղղակի խաբել են ժողովրդին: Անցել է երկու ամիս, ոչ մի քայլ դեռ չի ձեռնարկվել: Նոր անհնազադնության ալիք ենք սկսելու, որի մեկնարկը կլինի սեպտեմբերի 1-ից: Կոչ ենք անում բոլորին հավաքվել Սիրահարների այգում՝ որոշելու հետագա անելիքները»,- ավելացրեց Արտուշ Չիբուխչյանը: Վերջինս նաև չբացառեց, որ հնարավոր է՝ միավորվեն բոլոր այն ուժերի հետ, ովքեր պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչու են հավատացել Սերժ Սարգսյանի խոսքերին, Արթուր Քոչարյանը պատասխանեց, որ պայքարի ընթացքում շատերն էին մոտենում և հորդորում գնալ փոխզիջման: «Սա վկայում էր այն մասին, որ կային դեռ նրան հավատացողներ: Եթե մեզ մնար, մենք շատ բաներ կարող էինք անել, իսկ սա արդեն փաստ է, որ նա ստել է: Այս շրջանում նաև բողոքներ կան բնակիչների կողմից, որ հաշվիչները ավել թվեր են գրանցում»,- ասաց բանախոսը:
Հարցին՝ արդյոք պատրաստ են հնարավոր բախումներին, Արթուր Քոչարյանը պատասխանեց, որ «մեկ անգամ ջրցան կիրառեցին, տեսան՝ ինչ եղավ»: «Վախենում են այդ էֆեկտից: Եթե ուզեին բռնություն կիրառել, կկիրառեին»,- ասաց նա:
Նախաձեռնության անդամները նաև անդրադարձան սահմանադրական բարեփոխումներին՝ ասելով, որ դեմ են դրան: «Կարծում եմ՝ երկրում ավելի լուրջ խնդիրներ կան, քան այդ փոփոխությունները, որոնք պետք է լուծում ստանան, որոնցից են անպատժելիության մթնոլորտը և մարդկանց ծանր սոցիալական վիճակը: Նրանք ստեղծում են տպավորություն, որ նոր Սահմանադրությամբ կլուծվեն մեր խնդիրները, իրենց սիրելի մարդիկ կրկին չեն հայտնվի քրեկան պատմությունների մեջ: Ավելի լավ կլիներ՝ զբաղվեին իրական խնդիրների լուծմամբ»,- խոսքը եզրափակեց Արթուր Քոչարյանը:
Անժելա Պողոսյան